Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում շուրջ 200 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության, տների մեծ մասում խափանվել է նաև ջրամատակարարումը, հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով Արգենտինայի կառավարության դաշնային պլանավորման նախարար Խուլիո դե Վիդոյին:
Արդեն երեք օր շարունակվող շոգը դարձել է էլեկտրաէներգիայի օգտագործումն ավելացնելու պատճառ, ինչը հանգեցրել է ցանցի ծանրաբեռնվածության, որի հետևանքով առանց էլեկտրականության է մնացել քաղաքի կենտրոնը, այդ թվում` նախագահական պալատի, Կոնգրեսի և քաղաքային կառավարության շենքը, դադարել են աշխատել ավելի քան 1.5 հազար լուսացույցներ: Բացի այդ՝ մեկ ժամով դադարել է քաղաքային մետրոպոլիտենի վեց գծի աշխատանքը:
Իշխանությունների տվյալներով` էլեկտրավթարից ընդհանուր առմամբ տուժել է մոտ 3 միլիոն մարդ: Ներկա պահին էլեկտրամատակարարումը վերականգնված չէ Պատերնալ, Ֆլորենս Վիլիա-Կրեսպո և մի շարք այլ թաղամասերում:
Օդերևութաբանները շոգի պատճառով հայտարարել են վտանգի «դեղին» մակարդակ:










































