Եվրախորհրդարանի մայիսի 25-ի ընտրությունների քարոզարշավի շրջանակում Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, որի պաշտոնավարման ավարտին մի քանի օր է մնացել, հեռուստաբանավեճի ընթացքում հայտարարել է, որ ներկայիս պայմաններում Թուրքիան չի կարող անդամակցել Եվրամիությանը: Շուլցը, որ նախապես աջակցում էր Թուրքիայի անդամակցությանը, այժմ փաստորեն փոխել է իր դիրքորոշումը:
Հեռուստաբանավեճը կազմակերպվել էր Համբուգում՝ գերմանական պետական ARD կայանի կողմից: Շուլցի հետ բանավեճին մասնակցում էր նրա գլխավոր մրցակիցը՝ Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունից Ժան-Կլոդ Յունգերը, ով իր հերթին հայտարարել է, որ մինչև 2019 թվականը անհրաժեշտ է առկախել ԵՄ-ին որևէ երկրի անդամակցությունը: Նրա կարծիքով՝ եվրոյի ճգնաժամը հաղթահարելու և ներքին խնդիրները լուծելու համար՝ ԵՄ-ը ընդլայնվելու փոխարեն պետք է կենտրոնանա ներքին հարցերի լուծման վրա:
Նշենք, որ մայիսի 25-ին կայանալիք ընտրություններին ԵՄ 28 երկիրների 400 միլիոն քվեարկողներ ընտրելու են Եվրախորհրդարանի 751 պատգամավորներին:










































