Ճողվածքի հեռացման վիրահատությունից հետո արթնանալով հիվանդանոցում՝ Բրիտանիայի Թորնաբի քաղաքի 43-ամյա բնակիչ Փոլ Հիլը ոչ մի կերպ չի կարողացել հասկանալ, թե ինչու է իր ամբողջ որովանը ծածկված սպիներով և սարսափելի ցավում: Պարզվել է՝ բժշկի սխալի հետևանքով վիրահատության ժամանակ նրա որովայնն այրվել է, հայտնում է Metro-ն:
Հիվանդը հասկացել է տեղի ունեցածը, երբ ուշքի է եկել ընդհանուր անզգայացունից հետո: Բժիշկները պատմել են, որ վիրահատության ժամանակ բռնկվել է սպիրտի հիմքով ստերիլիզատորը: Բժիշկները դժվարանում են ասել, թե ով է կատարվածի մեղավորը:
Հիվանդանոցի ղեկավարությունը սկսել է հետաքննել այս գործը: Փոլ Հիլը ցավով նշել է, որ այրվածքից առաջացած սպիները դժվար թե անցնեն:
«Ես երբեք չէի մտածի, որ նման բան կարող է տեղի ունենալ այդչափ հարգված հիվանդանոցում: Ուզում եմ հավատալ, որ նման բան չի կրկնվի: Իրադարձությունների անհաջող ընթացքի դեպքում ես կարող էի մահանալ: Ոչ ոքի այսպիսի բան չեմ ցանկանա»,- ասել է Հիլը:
«Մենք այսպիսի դեպքերին շատ լուրջ ենք վերաբերվում: Հույս ունենք, որ երբ մեղավորները պատժվեն, մեր հիվանդանոցում այլևս ոչ մի նման բան տեղի չի ունենա»,- ասել է Թորնաբիում կլինիկայի ներկայացուցիչը: Փոլ Հիլին որևէ փոխհատուցում կվճարվի թե ոչ՝ չի հաղորդվում:













































