Քիչ առաջ սկսվեց իշխող հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Սպասվում է, որ նիստի ընթացքում կքննարկվեն կուսակցության առաջիկա համագումարի հետ կապված կազմակերպչական հարցեր: Նիստից առաջ լրագրողների մի քանի հարցերի պատասխանեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա նախ ժպիտով նշեց, թե տեղյակ չէ, որ կառավարության ծրագրի քվեարկության համար Ազգային ժողով բերման էին ենթարկվել որոշ հարբած ՀՀԿ-ական պատգամավորներ:
Այնուհետև Աբրահամյանն անդրադարձավ այն հանգամանքին, որ վերջերս ընդդիմություն հռչակված «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանը (Շինանյութի Սերոժի փեսան) խմբակցությունից դուրս է եկել և կառավարության ծրագրին կողմ քվեարկել:
Աբրահամյանն ասաց, որ տեղյակ է եղել Բոթոյանի այդ որոշման մասին, վերջինս օրեր առաջ մոտեցել է նրան և ասել իր մտադրության մասին, նաև նշել, որ խմբակցությունից ասել են, որ ինքը ստիպված կլինի դուրս գալ խմբակցությունից, եթե նման բան անի: Աբրահամյանը ժխտեց, թե ճնշումներ է գործադրել ՕԵԿ-ական պատգամավորի վրա: Այնուհետև վարչապետը հաջողություն մաղթեց լրագրողներին՝ խոստանալով առաջիկայում հանդիպել և ավելի երկար զրուցել:









































