Ուրբաթ օրը խորհրդարանում կայանալու է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվելու է «Հարսնաքարի» դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ժառանգության» նախագիծը:
Նշենք, որ «Ժառանգությունն» առաջարկ է ներկայացրել 2012թ. հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՊՆ մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաև 2001թ. սեպտեմբերի 25-ին Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության և ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Հարցի հիմնական զեկուցողն է Զարուհի Փոստանջյանը: Հարակից զեկույցով հանդես է գալու ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:
«Առաջին լրատվական»-ի չճշտված տեղեկություններով, ՀՀԿ-ն վիժեցնելու է այս նախաձեռնությունը: «Ես նման տեղեկատվություն չունեմ: Գիտեմ, որ գործը դատարանում է արդեն: Նախագիծը դեռևս չեմ ուսումնասիրել որպես հարակից զեկուցող»,- «Ժամանակի» հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:







































