Ուրուգվայը երեկ պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի անկախությունը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Ինչպես ասվում է Ուրուգվայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, այդ որոշումը կայացվել է Ուրուգվայի իշխանությունների կողմից մարտի 15-ին: Սակայն հայտարարության մեջ չի նշվում, թե որ թվականի սահամաններով է Ուրուգվայը ճանաչել Պաղեստինը:
Այս խնդիրը մեծ քննարկումների տեղիք է տալիս, քանի որ այսօրվա Պաղեստինի տարածքի մի մասը 1967 թվականից գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ: Այդ տարածքները վերադարձնելու վերաբերյալ ընթանում են բանակցություններ, սակայն՝ ապարդյուն: Այդ տարածքների վերադարձման կոչով մի քանի անգամ հանդես է եկել նաև ՄԱԿ-ը:
Պաղեստինի անկախության ճանաչումը քննադատության է արժանացել Իսրայելի կողմից: Հրեական պետությունում նշում են, որ լատինաամերիկյան պետությունների կողմից Պաղեստինի անկախության ճանաչումը խոչընդոտում է պաղեստինա-իսրայելյան խաղաղ բանակցությունների ընթացքին:
Հիշեցնենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Պաղեստինի անկախությունը ճանաչել են Արգենտինան, Չիլին, Բոլիվիան, Էկվադորը, Բրազիլիան, Պարագվայը, Սուրինամը: