ԱՄՆ Հանրապետական կուսակցության փոխնախագահի նախկին թեկնածու, կոնգրեսական Փոլ Ռայանը պահել է իր տեղը Ներկայացուցիչների պալատում՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելով դեմոկրատ մրցակցի հանդեպ Վիսկոնսին նահանգում:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում Ռայանը չէր լինի Ներկայացուցիչների պալատի անդամ: Սակայն այժմ գալիք տարվա սկզբից նա կվերադառնա պալատ, որտեղ աշխատել է 14 տարի: Ընթացիկ գումարման Կոնգրեսում նա զբաղեցնում է բյուջետային կոմիտեի ղեկավարի պաշտոնը: Ռայանը համարվում է Բարաք Օբամայի վարչակազմի գլխավոր քննադատներից մեկը:
Հիշեցնենք, որ նախնական տվյալների համաձայն՝ Միթ Ռոմնին և Փոլ Ռայանը պարտություն են կրել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: