Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր շնորհավորել է Բարաք Օբամային ԱՄՆ նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
«Ես կշարունակեմ աշխատել նախագահ Օբամայի հետ, որպեսզի պաշտպանեմ Իսրայելի քաղաքացիների համար կենսական կարևորության հետաքրքրությունները»,- Նեթանյահուի խոսքերը մեջբերում է իսրայելական Yedioth Ahronoth պարբերականը:
Իսրայելական կառավարության ղեկավարը նկատել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի համագործակցությունը «ներկայում, առավել քան երբևէ, ուժեղ է»:
Մինչ այդ Twitter-ի իր միկրոբլոգում Օբամային շնորհավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: «Շնորհավորում եմ Բարաք Օբամային հաղթանակի կապակցությամբ: Կշարունակենք համագործակցել նրա հետ, որպեսզի ՆԱՏՕ-ն ուժեղ լինի նոր սպառնալիքների առաջ»,- գրել Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Twitter-ում Օբամային շնորհավորել է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, որը նույնպես ակնկալում է հետագա համագործակցություն:
Իր շնորհավորանքն է Բարաք Օբամային հղել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Ես խնդրում եմ բոլորի և անձամբ իմ անունից ընդունել անկեղծ շնորհավորանքները: Սա կարևոր պահ է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար»,- ասվում է Օլանդի կոմյունիկեում, որը մեջբերում է ֆրանսիական Le Point թերթը:
Օբամային է շնորհավորել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` հայտնում է AFP գործակալությունը:
«Ես կցանկանայի ամբողջ հոգով շնորհավորել Ձեզ վերընտրման կապակցությամբ: Վերջին տարիներին մեզ կապում է համատեղ աշխատանքն ու ընկերությունը»,- հայտարարել է Մերկելը՝ հույս հայտնելով բեղմնավոր համագործակցության՝ ընդդեմ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի:
Ավելի վաղ Բարաք Օբամային շնորհավորել էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Բելգիայի վարչապետ Էլիո դի Ռուպոն:









































