«Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, nր ՀԱԿ-ը 7 մանդատ է ստացել ու դրանով բավարարվել, ինչն իրենց կուսակցությանը չի բավարարում:
– Պարոն Մարգարյան, ՀԱԿ-ը հայտարարեց, որ հանրահավաք է անելու սեպտեմբերին, այնուհետև` հոկտեմբերին: Այժմ նոյեմբերն է, ի՞նչ է կատարվում ՀԱԿ-ում, ասելի՞ք չկա:
– Դե Դուք տեսնում եք, ինքներդ պատասխանեցիք հարցին, երբ որ մենք ասում ենք` պետք է, որ ոչ թե միայն հանրահավաք անել, այլև շրջաններում աշխատել, ժողովրդին բացատրել, իրավիճակի գնահատական լինի, կոնկրետ գործողություններ լինեն: Բայց լռություն է:
– Հայտարարել եք, որ եթե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրի, Ձեր կուսակցությունը ՀԱԿ-ի կազմից դուրս է գալու: Ի՞նչն է պատճառը, որոշել եք այլևս չպայքարե՞լ:
– Դուք ստիպում եք ժամանակից շուտ ինչ-որ բան ասել: Մենք 20 տարի պայքարել ենք, պայքարելու ենք, դա բացառվում է, որ չպայքարենք: Բայց թե ինչ ձևով, ինչ ուժերով, դա կասենք, երբ որ մէզ մոտ որոշում կլինի: Այժմ պատրաստ չեմ պատասխանել: Մենք ինչպե՞ս պետք է դադարենք պայքարել, երբ որ երկիրը ձեռքից գնում է: Մենք մինչև այս ռեժիմից չազատվենք, չենք դադարելու պայքարելուց:
– Բայց ինչպիսի՞ն է լինելու Ձեր հետագա պայքարը, ծրագիր ունե՞ք:
– Ես հիմա այդ հարցին չեմ պատասխանի, կպատասխանեմ նոյեմբերի վերջին:
– Ինչո՞ւ այդ ժամանակ:
– Մենք մինչև նոյեմբեր ժամանակ ենք տվել ու վերջ: Հետո կդադարենք ՀԱԿ-ում լինելուց և կհայտարարենք մեր գործողությունների մասին: Ռեժիմը պատասխան է տալու, պատասխան է տալու Ռոբերտ Քոչարյանը: Գիտե՞ք` ջինսով ու բոթասներով եկավ ԼՂՀ-ից, հիմա միլիարդների հետ է խաղում, ո՞վ պետք է այս ամենի համար պատասխան տա: Իսկ այդպես կրիայի քայլերով պայքարել չի լինի:
– ՀԱԿ-ից դուրս եկավ նաև «Հանրապետություն» կուսակցությունը` հայտարարելով որ այսուհետ պայքարելու է միայնակ: Ամիսներ են անցել, բայց նրանք ոչինչ չեն անում: Դո՞ւք էլ այդպես կվարվեք:
– Դա իրենց պրոբլեմն է, կարող է`մարդիկ չեն ուզում պայքարել, բացառվում է, որ մեր կուսակցությունն այդպիսի բան անի, կհիշե՞ք, թե երբ մեր կուսակցությունը չի պայքարել: Մենք կանգ չենք առնելու:
– Մտավախություն չունե՞ք, որ ՀԱԿ-ից դուրս գալով`կուսակցության վարկանիշը կընկնի:
– Ի՞նչ, ի՞նչը պետք է ընկնի: Որոշ կարկառուն գործիչների նման գնացել են իշխանությանը վաճառվե՞լ ենք կամ մանդատնե՞ր ենք ստացել, ի՞նչ ենք արել, որ կուսակցության վարկանիշն իջնի: Դ բացառվում է:
– Ձեզ այժմ կոնկրետ ի՞նչը դուր չի գալիս ՀԱԿ-ում:
– Որ գործ չեն անում, 7 մանդատ ստացան, գնացել են տրիբունան զբաղեցրել ու պրակտիկ գործ չեն անում, չեն պատրաստվում նախագահական ընտրություններին: Տասնյակ անգամ ես այդ մասին բարձրաձայնել եմ Կոնգրեսում և առաջարկել եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գա, պատասխանի, բայց մինչև հիմա պատասխան չկա: Ինքն է առաջնորդը, բա ո՞վ պատասխանի իմ հարցերին, Լևոն Զուրաբյա՞նը, նա ի՞նչ իրավունք ունի՞ կամ որևիցե մեկը: Ինքն է ստանձնել, ինքն էլ պետք է ասի, չէ՞, անելիքների մասին:
– Իսկ ինչպե՞ս է պատճառաբանվում Լևոն Տեր-Պետրոսյանի լռությունը:
– Չգիտեմ, ես ուղղակի պատասխան չեմ ստացել մինչև այսօր:
– Ակնհայտ է նաև ՀԱԿ-ԲՀԿ «թաքուն սիրավեպը», ինչպե՞ս եք վերաբերվում երևույթին, որ ՀԱԿ-ը մշտապես հայտարարել է «ոչ դոդացմանը», բայց այժմ պատրաստ է համագործակցության ԲՀԿ-ի հետ:
– ԲՀԿ-ի մասին ես ասել եմ ու նորից եմ կրկնում, որ դա կուսակցության մոտեցումն է, նա գործող ռեժիմի մասն է եղել և շարունակում է լինել, սա շինծու խաղ է: Դե գիտեք, որ մենք դեմ ենք եղել ամիսներ առաջ՝ պառլամենտական ընտրությունների ժամանակ, երբ որ այդ մասին խոսակցություններ կային, մենք ասել ենք, որ դեմ ենք: Երկրում ստեղծված իրավիճակի և ծանր հետևանքների պատասխանատվությունն ընկնում է նաև ԲՀԿ-ի վրա և այն բոլոր կուսակցությունների, որոնք մաս են կազմել այս ռեժիմին անկախ ժամանակահատվածից:










































