«ՀԱԿ-ն այսօր ինքնուրույն քաղաքական գործոն չէ, որպես ինքնուրույն քաղաքական գործոն ինքը գոյություն չունի»,- օրերս մամուլի ասուլիսում հայտարարել էր ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը: Երեկ ՀԱԿ անդամ` Քրիստոնեա-ժոդովրդավարական միության նախագահ Սոս Գիմիշյանից Aravot.am-ը հետաքրքրվեց` կիսո՞ւմ է պարոն Շահնազարյանի այս կսսրծիքը:
«Ես չէի ցանկանա մեկնաբանել պարոն Շահնազարյանի ասածը: Ինչ-որ տեղ կոռեկտ չեմ համարում: Ժամանակին ինքն էր կողմնակից այս ընտրված ուղուն: Այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանի ծրագրերի ամենամեծ կողմնակիցն ինքն էր: Այսպես, պառլամենտական ընտրություններին գնալու կողմնակիցն էր ինքը»,- ասաց պարոն Գիմիշյանը` համաձայնելով դիտարկմանը, որ Դավիթ Շահնազարյանը միշտ էլ դեմ է եղել ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի հարաբերություններին:
«Այո, այդ իմաստով ես իր հետ համամիտ եմ եղել: Մենք նույն կարծիքն ենք ունեցել: Բայց ցավում եմ, որ ժամանակին ինքը 1-1.5 տարի առաջ ընտրված այս ճանապարհի ամենամեծ կողմնակիցն է եղել: Նաև՝ որոշակիորեն համաձայն չի եղել ինձ հետ, որ ես դա չեմ ընդունում: Դե` հիմա: Կարծիք է, մարդ է… կարող է` ես սխալ լինեմ: Տա Աստված, որ ես սխալ լինեմ», – ասաց պարոն Գիմիշյանը` չցանկանալով առավել մանրամասն խոսել թեմայի շուրջ, քանի որ Շահնազարյանի հետ գործընկերներ են եղել, իրար վաղուց են ճանաչում և որոշակի հարաբերությունների կարգավիճակում են:








































