Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվեց «Հարսնաքար»-ի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ ցուցմունք էր տվել «Հարսնաքար»-ի գործով տուժող ռազմական բժիշկ Արտակ Բայադյանը: Այսօր շարունակվեց Արտակ Բայադյանի հարցաքննությունը: Նա շարունակեց պնդել, որ իրենց ծեծողները 10-15 հոգի էին, և դրանցից մի քանիսը դատարանում չեն:
Ամբաստանյալ Արմեն Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հարցին` հարգելի տուժող, եթե Վահեն հարց չտար մատուցողին, արդյոք ամեն ինչ այդպե՞ս կլիներ, արդյոք դա պլանավորվա՞ծ էր, Արտակ Բայադյանը պատասխանել է. «Ըստ իս` նախապես պլանավորված բան էր, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ եթե անգամ ջուր ուզելու լինեինք, նույն ագրեսիվ պատասխանն էր լինելու, որովհետև Վահեի պատասխանը ժպիտը դեմքին էր, և որևէ ագրեսիա իր մեջ չէր պարունակում, որպեսզի նման ագրեսիվ պատասխան ստացվեր: Սա պատրվակ էր: Պլանավորված էր այն, ինչ տեղի ունեցավ վերջում»,- ասաց Արտակ Բայադյանը:
Իսկ հարցին` պատճառը ո՞րը կարող է լինել, Արտակ Բայադյանը պատասխանեց, որ իրենց կողմից որևէ առիթ չկար նման քայլի դիմելու համար: Վահեն տաբատի հետ առաջացած խնդրից հետո ասաց` չեն թողնում, իրենք էլ որոշել են, որ պետք է հեռանան, հաշիվն են պահանջել:
Գարիկ Մարգարյանի, Արման Խաչատրյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Բաղդասարյանի, Դավիթ Ադամյանի, Արթուր Բաբլոյանի փաստաբանները տարաբնույթ հարցեր են տվել Արտակ Բայադյանին, մասնավորապես` ինչքան խմիչք են օգտագործած եղել, քանի շիշ գարեջուր են գնել:
Միհրան Պողոսյանը մանրակրկիտ հարցաքննեց Արտակ Բայադյանին` որ րոպեին որտեղ և ում հետ են եղել, յուրաքանչյուրը քանի բաժակ է օղի խմել: Միհրան Պողոսյանը հարցրեց նաև, թե առաջին պահին ինչ վիճակում է տեսել Վահեին: «Առաջինը, որ նկատեցի, այն էր, որ Վահեն կքանիստ վիճակում էր, քայլերս ուղղեցի Վահեի ուղղությամբ, ինքը կքանիստ վիճակից ուզում էր բարձրանալ, այդ ժամանակ զգացի, որ քթից առատ արյուն է հոսում»,- ասաց Արտակ Բայադյանը:










































