Ռումինիայի ազգային զբոսաշրջության բյուրոն պնդում է, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը բարեկամական կապեր ունի 15-րդ դարում ապրած կոմս Դրակուլայի նախատիպի՝ Վլադ 3-րդ Ցեպեշի հետ,- գրում է The Daily Telegraph-ը:
Պարբերականի փոխանցմամբ՝ թագավորական ընտանիքի և Վլադ Ցեպեշի միջև հավանական բարեկամական կապը Ռումինիայի կողմից շահարկվում է զբոսաշրջիկներին այս երկիր գրավելու համար:
«Ռումինիան զբոսաշրջության մեծ պոտենցիալ ունի: Այս գեղեցիկ երկիրն արդեն շատ զբոսաշրջիկների է գրավել շնորհիվ իր բնության և մշակույթի: Իսկ բրիտանական թագավորական ընտանիքին հղում անելը կնպաստի հետագա զարգացմանը»,- ասել է World Travel Market-ի ներկայացուցիչը:
Դրա հետ մեկտեղ, արքայազն Չարլզն աջակցել է Ռումինիայում բրիտանական զբոսաշրջության զարգացմանը՝ նկարահանվելով այս թեմայի շուրջ գովազդային տեսանյութում:
«Տրանսիլվանիան իմ արյան մեջ է: Ծագումնաբանությունը ցույց է տալիս, որ ես ընդհանուր արմատներ ունեմ Վլադ Ցեպեշի հետ, այդ պատճառով ինձ հետաքրքում է այս երկիրը»,- կատակել է նա հարցազրույցներից մեկում:











































