Ժառանգական երկարակեցությունը պայմանավորված է օրգանիզմում վիտամին D-ի ցածր մակարդակով և համապատասխան գենում փոփոխություններով,- սահմանել են հոլանդացի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակվել է Canadian Medical Association Journal-ում:
Հետազոտողները ուսումնասիրել են 380 եվրոպական ընտանիքների տվյալները, որոնք ունեցել են նվազագույնը երկու երկարակյաց բարեկամ: Հետազոտությունը ներառել է եղբայրներին և քույրերին, նրանց երեխաներին, ինչպես նաև վերջիններիս զուգընկերներին: Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել է 1,038 սերունդ, իսկ 461 մարդ ընդգրվել է գլխավոր խմբում: Երկարակյացների երեխաների զուգընկերները ընդգրկվել են փորձի մեջ, որովհետև նույն տարիքն են ունեցել և շրջակա միջավայրի նույն ազդեցությանն են ենթարկվել:
«Մենք հայտնաբերել ենք, որ երկարակյացների սերունդները, որոնք ունեցել են գոնե մեկ 90-անց երկարակյաց ազգական, օրգանիզմում D վիտամինի ցածր մակարդակ են ունեն»,-նշվում է հետազոտության մեջ:
Գիտնականները երկարակյացների սերունդների մոտ մեկ այլ փոփոխություն էլ են հայտնաբերել: Նրանց մոտ շատ սակավ են հայտնաբերվել CYP2R1 գենի փոփոխություններ, որը նպաստում է օրգանիզմում վիտամին D-ի մեծ քանակությամբ հավաքվելուն:
Դրա հետ մեկտեղ, ավելի վաղ հետազոտություններում ասվում էր, որ վիտամին D-ի ցածր մակարդակը կապված է մահացության բարձր ցուցանիշների, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի, ալերգիայի, ինտելեկտի խանգարումների հետ: Սակայն այս հետազոտության հեղինակները ընդգծում են, որ սա վկայում է պատճառահետևանքային ուղիղ կապի մասին, որը անհրաժեշտ է հավելյալ ուսումնասիրել, որպեսզի վերջնականապես պարզ դառնա երկարակեցության և օրգանիզմում վիտամին D-ի առայության միջև կապը:








































