«Հրաժարական տալով ես ապացուցեցի իմ նվիրվածությունը երկրի նախագահին»,- ուղիղ մեկ տարի առաջ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` մեկնաբանելով իր հրաժարականի փաստը, և շարունակել. «Ես ավելին եմ համարում լինել շտաբի պետ և հաջողություններ ունենալ, քան լինել Ազգային ժողովի նախագահ: Օրինակ եմ ծառայել շատերի համար, որ չի կարելի կուսակցությանը նվիրվել զուտ միայն պաշտոն զբաղեցնելու համար»: Այդպիսով, մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից դեռ վեց ամիս առաջ` 2011 թվականի նոյեմբերի 14-ին, Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց խորհրդարանի նախագահի պաշտոնից:
Այսօր, երբ առջևում ՀՀԿ համար ավելի կարևոր` նախագահի ընտրություններ են, Հովիկ Աբրահամյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Ինքը` Հովիկ Աբրահամյանը, որևէ կերպ չի հիմնավորել հրաժարական չտալու որոշումը: ՀՀԿ-ում հիմնավորումներն այնքան էլ համոզիչ չեն, թե նախորդը խորհրդարանական ընտրություններ էին, Հովիկ Աբրահամյանն էլ խորհրդարանի նախագահն էր, չէր ուզում չարաշահել լիազորությունները և այլն, սակայն նույն Հովիկ Աբրահամյանի հայտարարությունները ցույց են տալիս, որ իր հրաժարականի հիմքում խորհրդարանի ղեկավար լինելու հարց չի եղել: «Ինչպես գիտեք, ընտրություններում ես գլխավորելու եմ մեր կուսակցության շտաբը և արդեն իսկ հայտարարել եմ, որ այդ կարևոր գործին նախապատրաստվելու համար որոշել եմ վաղաժամ վայր դնել խորհրդարանի նախագահի իմ լիազորությունները: Լիովին գիտակցելով ողջ պատասխանատվությունը ՀՀ նախագահի, պետության, ժողովրդի և կուսակցության առջև՝ համաձայն ԱԺ Կանոնակարգ օրենքի հոդված 20-ի 2-րդ կետի, այսօր ներկայացնում եմ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականի մասին իմ դիմումը»,- ԱԺ-ում հրաժարական տալու ժամանակ իր քայլն այսպես հիմնավորեց Հովիկ Աբրահամյանը:
Երեկ պարոն Աբրահամյանը հրաժարվեց պատասխանել ԱԺ մամլո խոսնակ Գոհար Պողոսյանի միջոցով «Առաջին լրատվական»-ի գրավոր հարցին` արդյոք Սերժ Սարգսյանի ընտրությունները պակա՞ս կարևոր են, որ այս անգամ ինքը հրաժարական չի տալիս և արդյոք դա չի՞ գալիս ապացուցելու, որ կային այլ պատճառներ:
Այսօրվա իրավիճակը, թերևս, նշանակում է, որ Սերժ Սարգսյանին իր հավատարմությունն ապացուցելու համար Հովիկ Աբրահամյանից այսօր հրաժարական չեն պահանջում, ինչպես դա արվեց մեկ տարի առաջ: Հիշեցնենք, որ այն ժամանակ տեղեկություններ տարածվեցին «քոչարյանական դավադրության» մասին, որում Քոչարյանի անունից որոշ պաշտոնյաների հետ բանակցություններ էր վարել Հովիկ Աբրահամյանը` պալատական հեղաշրջում նախապատրաստելով: Ներկա ոստիկանապետ Վովա Գասպարյանի «ժուչոկը» հուշել էր, որ Հովիկ Աբրահամյանն ու Ալիկ Սարգսյանը հանդիպել էին Ռոբերտ Քոչարյանին, որոշվել էր բանակցություններ վարել իշխանության ներսում եղած Սերժ Սարգսյանի վերաբերմունքից դժգոհների հետ, խոստանալ նրանց ավելի բարձր պաշտոններ, որ Հովիկ Աբրահամյանը բանակցել էր ՃՈ նախկին ղեկավար ու ներկայումս 6 տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանի հետ, որ մայիս 6-ի ընտրություններում ԲՀԿ-ին ավելի մեծ քվե ապահովվի և ճանապարհ հարթվի Քոչարյանի վերադարձի համար… Արդյունքում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրաժարական տվեց և ոստիկանապետ դարձավ այդ ժամանակ ՊՆ փոխնախարար Վովա Գասպարյանը:
Երեկ մեր հարցին, թե այն, որ Հովիկ Աբրահամյանն այսօր հրաժարական չի տալիս, չի՞ գալիս փաստելու «դավադրության տեսությունը», ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հայտարարեց. «Ի՞նչ դավադրություն: Չեմ հասկանում հարցի իմաստը: ՀՀԿ-ն առաջիկայում ունի մեկ խնդիր. դա նախագահական ընտրություններն են: Որքան էլ չար լուրերը պտտվեն, ՀՀԿ-ն համախմբված է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ, և այն քաղաքական գիծը, որը ձևավորել է Հանրապետականը, բոլորը քայլում են այդ ճանապարհով: Ինչ-որ դավադրություններ, թևեր, սրա-նրա հետ բանակցել` նման որևէ դրսևորում այս պահի դրությամբ ՀՀԿ-ում չկա»: Դիտարկմանը, թե ստացվում է նախորդ ընտրությունները ավելի կարևոր էին ՀՀԿ համար, քան նախագահականը, ՀՀԿ խմբակցության քարտուղարը հակադարձեց. «Մեր համար բոլոր ընտրություններն էլ կարևոր են` սկսած ՏԻՄ ընտրություններից, վերջացրած նախագահական ընտրություններով: Անկախ նրանից` չար լեզուները ինչ կխոսեն, չար սրտերը ինչ կցանկանան, մենք ընտրություններն անց ենք կացնելու ավելի բարձր նշաձողով, քան նախորդ ՏԻՄ ու խորհրդարանական ընտրությունները»:










































