Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ու ԵՄ-ի միջև Համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ տարվող բանակցությունները թևակոխել են նոր փուլ: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:
Այս մասին որոշումն ընդունվել է Վրաստանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Ֆիլիպ Դիմիտրովի և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որում նրանք որոշել են ստեղծել հատուկ խմբեր, որոնք կզբաղվեն տվյալ ուղղությամբ քայլեր ձեռնարկելով:
Դիմիտրովի խոսքերով՝ հանդիպման ժամանակ իրենք քննարկել են նաև փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն առնչվող ընթացիկ նախագծեր և այժմեական հարցեր: Համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում Վրաստանի ու ԵՄ-ի միջև անցկացվել է բանակցային երեք փուլ: Չորրորդ փուլն անցկացվելու է նոյեմբերին Բրյուսելում:









































