Ֆրանսիայում հրատարակվող «Նոր Յառաջ» օրաթերթի այսօրվա համարից տեղեկանում ենք, որ Ընկերային օգնության հայկական ընկերակցության (ԸՕՀԸ՝ նախկին «Աղքատախնամ») նախագահ Ալեն Թուհատյանը նոյեմբերի 3-ին համացանցային հաղորդագրությամբ տեղեկացրել է, որնոյեմբերի 2-ին Ընկերակցության Ֆրանսիայի (www.aaas.fr) և Հայաստանի (www.ffad.am) կայքէջերը ցանցահենների թիրախ են դարձել:
Ցանցահենները, ներկայանալով որպես ադրբեջանցիներ, վատ անգլերենով և մասամբ էլ ադրբեջաներենով, Հայաստանի, հայերի դեմ ուղղված լկտի հայհոյանքներով ու սպառնալիքներով են փոխարինել կայքէջերի սովորական բովանդակությունը: «Ղարաբաղը ադրբեջանցիներին է պատկանում» կամ «Հայոց Ցեղասպանության պնդումը (ք…….) հայերի սուտն է» ու նման տողերին, «գույնզգույն» հայհոյանքներին կից՝ թիրախ են դարձել նաև Ֆրանսիան և քրիստոնեությունը:
Ոտնձգության հայտնաբերումից անմիջապես հետո ԸՕՀԸ-ի վարչությունը կապ է հաստատել իր համացանցային մատակարարի հետ, որը միջամտելով՝ նույն գիշերն իսկ վերականգնել է կայքէջերը և ապահովության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել:





































