ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը և պատվիրակության անդամ Վարդան Օսկանյանը նոյեմբերի 5-ին հանդիպել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակության հետ:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Կորյուն Նահապետյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է «ՆԱՏՕ-ի շաբաթը Հայաստանում» միջոցառման անցկացումը, որին անմիջական մասնակցություն են ունեցել Ջեյմս Ապատուրայը և նրա գործընկերները: Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկա մակարդակին՝ նա ընդգծել է, որ գործընկերային այդ հարաբերություններն արձանագրում են կայուն առաջընթաց և խոստանում նոր հեռանկարներ: Այդ համագործակցությունը խարսխված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ազատության և արդարության ապահովման, ժողովրդավարության շրջանակներում խաղաղության հաստատման ու համամարդկային այլ արժեքների և սկզբունքների վրա: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավարը կարևորել է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շարունակականությունը, Ազգային ժողովի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի համագործակցությունը, միջազգային խաղաղարար առաքելությանը Հայաստանի մասնակցությունը: Կորյուն Նահապետյանն անդրադարձել է նաև ադրբեջանական իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին ներում շնորհվելու և հերոսացվելու՝ միջազգային բոլոր նորմերին հակասող ու աղաղակող փաստին, դրա առնչությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի հայտնած մտահոգություններին՝ հույս հայտնելով, որ այս փաստի առնչությամբ հնչած արձագանքներին կհաջորդեն համապատասխան գործողություններ:
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը գոհունակությամբ արձանագրել է, որ ՆԱՏՕ-Հայաստան տարբեր ձևաչափերով համագործակցությունն ավելի ու ավելի է աշխուժանում: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի հետ տարբեր ծրագրերի իրականացումն ու խաղաղապահ ուժերի կազմում հայկական զորախմբերի մասնակցությունը շարունակական կլինեն:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու ԼՂՀ հիմնախնդրին առնչվող հարցեր: Կորյուն Նահապետյանը և Վարդան Օսկանյանը հավաստիացրել են, որ ԼՂՀ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ հիմնված միջազգային նորմերի ու սկզբունքների վրա, որոնց շարքում իր կարևոր տեղն ունի ազգերի ինքնորոշման սկզբունքը: «Անկախ և ինքնուրույն ապրելու ճանապարհը բռնած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք Ադրբեջանի մաս չի կարող լինել,- ասել է Կորյուն Նահապետյանը,-սա ոչ միայն Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է, այլև ողջ հասարակության համոզումը»:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող այլ հարցերի:








































