«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում անհավասար, բայց և հաղթահարելի պայքար է ակնկալում:
Նա հայտնեց, որ դեկտեմբերի 15-ին կուսակցությունը համագումար կգումարի՝ որոշելու իր առաջադրման հարցը: Նշենք, որ նույն օրը նաև ՀՀԿ-ն է համագումար հրավիրելու՝ որոշելու Սերժ Սարգսյանի առաջադրման հարցը:
Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրենք երկու շաբաթ առաջ են դիմել` համագումարի անցկացման նպատակով տրամադրելու Մելիք-Ադամյան փողոցում գտնվող կառավարության նիստերի դահլիճը: «Եթե զուգադիպություն կա, եթե դեկտեմբերի 15-ին այլ իրավիճակ է, մենք միասին այդ իրավիճակը կդիտարկենք»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ, որպես նախագահի թեկնածու, չի հայցում որևէ մեկի աջակցությունը, քանի որ դա իր համար ընդունելի չէ: Նրա խոսքով՝ այսօր քաղաքական և քաղաքացիական դաշտերի միջև առկա է մի վիհ: Ուստի «Ժառանգության» առաջնորդն ամեն ինչ անելու է՝ միավորելու քաղաքական և քաղաքացիական հոսանքները:
«Պիտի ներկա լինեմ հրապարակում, մասնակցություն ունենամ քաղաքացիական, բնապահպանական իրավունքների պաշտպանության և տարբեր տեսակի քաղաքացիական նախաձեռնություններին»,- ասաց բանախոսը:
Միաժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ կշարունակի պնդել այն, որ մեր երկրին պետք չէ կուսակցապետ կամ թագավոր՝ որպես նախագահ, այլ պետք է մի շարքային քաղաքացի, ով պատրաստ է առանց սեփական շահեր հետապնդելու, բիզնեսներ հիմնելու՝ զարգացնել երկիրը, ապահովել տնտեսական զարգացում, ներդրումներ, աշխատատեղեր, ստվերը բերել բյուջե, մեծացնել բյուջեն, աշխատավարձերը բարձրացնել, գնաճը նվազեցնել, փոխել երկրում առկա իրավիճակը:
Ինչ վերաբերում է առաջին ու վերջին անգամ առաջադրվելուն, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իր այս արտահայտությունը շատ քննադատությունների արժանացավ: Բայց նա համոզված է, որ արդեն հաջորդ նախագահական ընտրություններում տեղ կտան երիտասարդներին, ընտրությունների ելքն էլ կորոշի բացառապես ժողովուրդը:










































