«Մենք միջազգային ասպարեզում կխայտառակվենք, եթե չանենք»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ խոսելով գրասենյակի ներկայացրած հավելյալ 11 մլն դրամ պահանջի մասին: Հաջորդ տարվա բյուջեի նախագծով ՄԻՊ գրասենյակին բյուջեից նախատեսվում է հատկացնել 176 մլն դրամ՝ այս տարվա 164 մլն դրամի փոխարեն, սակայն, ինչպես պարզաբանեց Կ. Անդրեասյանը, իրական հավելումը մոտ 3 մլն դրամ է, իսկ մնացածը եկամտային հարկի անցման արդյունքում է, և ՄԻՊ աշխատողներին դրանից առանձնապես օգուտ չկա:
Կ. Անդրեասյանի խոսքով, մարզային այցելությունների համար առնվազն 1 մլն դրամ է հարկավոր օրապահիկի համար, բենզինն է թանկացել, ևս 4 հաստիքով ՄԻՊ-ը նախատեսում է ավելացնել աշխատակազմը՝ մեկ ադմինիստրատոր, մեկ բժիշկ, երկու իրավաբան: «Մարդկանց խոշտանգումները կանխարգելելու, փրկելու համար պետք է գոնե ևս 11 մլն դրամ»,- հայտարարեց Կ. Անդրեասյանը՝ հավելելով, որ սա լինելու է վերջին տարին, որ ՄԻՊ-ը դրամաշնորհով է փորձելու խնդիր լուծել: Նրա կարծիքով, դրամաշնորհները պետք է տրվի ՀԿ-ներին՝ քաղաքացիական հասարակության ձևավորումը խթանելու համար:









































