«Արմենիա միջազգային օդանավակայաններ»-«Արմավիա» ավիաընկերություն վեճը վերջին օրերին կարծես հարթվել է: Համենայնդեպս, վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Զվարթնոցը» պարտքերի պատճառաբանությամբ չդադարեցրեց ազգային ավիափոխադրողի թռիչքները: Իրականում հարցը ոչ թե կողմերի բանակցությունների արդյունքում, այլ կառավարության միջամտությամբ է հարթվել:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ բառացիորեն օրերս «Արմավիայի» թռիչքների հաճախակի դադարեցման հարցը քննարկվել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մոտ: «Զվարթնոցին» հանձնարարվել է այլևս չդադարեցնել «Արմավիայի» չվերթները: Մեր այս տեղեկությունը «Արմավիա» ավիաընկերությունից հաստատեցին: Ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի խորհրդական Ժասմեն Վիլյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե «Զվարթնոց» օդանավակայանն իր խոստումը կատարի և խոչընդոտներ չստեղծի «Արմավիայի» համար, ավիաընկերությունը հնարավորություն կունենա կանոնավոր կերպով մարել պարտքերը: «Մենք մեր պարտավորությունը կատարում ենք, բայց «Զվարթնոցն» անընդհատ խոչընդոտներ է ստեղծում մեզ համար՝ հիասթափեցնելով մեր ուղևորներին, ինչը խոչընդոտներ է ստեղծում մարման գործընթացում»,- ասաց Վիլյանը:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին «Արմավիայի» չվերթների պարբերաբար դադարեցման հարցը կքննարկի նաև Հանրային խորհուրդը:
Իրականում չվերթների փակման պատճառն ամենևին էլ «Արմավիայի» պարտքերը չեն: Ըստ մեր աղբյուրների՝ դեռ տարիներ առաջ, երբ Միխայիլ Բաղդասարովը ձեռք բերեց «Արմավիան», այն շահագործող «Սիբիրավիա» ընկերությունն ավելի մեծ պարտքեր է ունեցել օդանավակայանին: Սակայն այն ժամանակ թռիչքների դադարեցում չեղավ: «Արմավիայի» թռիչքներն սկսեցին դադարեցվել հատկապես վերջին ժամանակահատվածում, երբ Բաղդասարովը հայտարարեց, որ մտադիր է վաճառել ընկերությունը:
Վաճառքի ուղղությամբ բանակցություններ են վարվել իտալական, ավստրիական, ռուսական, ինդոնեզիական ընկերությունների հետ: Ավիացիային մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացնում են, որ «Արմավիան» ցանկանում է գնել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության հավատարմագրային կառավարիչ, արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը: Այդ պատճառով էլ Էռնեկյանը «գին է գցում»՝ պարբերաբար փակելով ավիաընկերության չվերթները: Զարմանալի զուգադիպությամբ ավիաընկերության չվերթները դադարեցվեցին մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների օրը, Անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին և հաճախակիացան այն փուլում, երբ հայտարարվեց ընկերության վաճառքի մասին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իրականում սա ամենևին էլ պատահականություն չէ, և Էդուարդո Էռնեկյանը նպատակադրված է վնաս հասցնում «Արմավիային»:






































