Հեղինակ և կատարող, կիթառահար, ռոք-երաժիշտ Բրայան Ադամսը ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 5-ին, Կանադայի Քինգսթոն քաղաքում, դիվանագետի ընտանիքում: Հոր մասնագիտության արդյունքում փոքրիկ Բրայանը ծնողների հետ շրջել է շատ երկրներով, ապրել Անգլիայում, Կանադայում, Իսրայելում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում և Ավստրիայում: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Երբ ընտանիքը բնակվում էր Վանկուվերում, 15-ամյա Բրայանը սկսել է կիթառ նվագել: Կանադական այդ նույն քաղաքում էլ երկար տարիներ անց երաժիշտը բացել է իր ձայնագրման ստուդիան՝ The Warehouse Studio-ն:
Ադամսն իր դեբյուտային ալբոմը թողարկել է 1980 թվականին, սակայն հաջողությունը նրան ժպտացել է միայն 5 տարի անց: Առաջինը Ադամսին ճանաչում է բերել նրա Heaven երգը, որը 1985 թվականին զբաղեցրել է ամերիկյան և բրիտանական երաժշտական հիթ շքերթների առաջին հորիզոնականները:
Երաժշտին հռչակ են բերել ռոք բալլադների կատարումները, որոնք գրված էին հիմնականում ֆիլմերի համար: «Ռոբին Հուդ. գողերի թագավոր» ֆիլմի համար գրված ստեղծագործությունը Մեծ Բրիտանիայի հիթ շքերթի բարձունքում է մնացել 16 շաբաթ: Մինչ օրս այդ ռեկորդը մնում է անհաղթահարելի:
Նա շարունակում է ստեղծագործական կարիերան, համերգային շրջագայություններ կատարում, բարեգործական միջոցառումներ կազմակերպում:
Նրան շնորհվել է Բրիտանական Կոլումբիայի շքանշան և իր երկրի բարձրագույն պարգևը՝ Կանադայի շքանշանը:











































