Նախօրեին ԱԺ-ում 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ թեժ քննարկումներ ծավալվեցին նաև գիտության ոլորտի հատկացումների շուրջ: 2013 թ. բյուջեի նախագծով նախատեսված է գիտության ծախսերի համար տրամադրել 11 մլրդ 156 մլն դրամ, որը 1 մլրդ 68 մլն դրամով ավելի է նախորդ տարվա հաստատված բյուջեից: Սակայն ինչպես այդ քննարկումների ժամանակ պարզաբանեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, 2013 թ. բյուջեի նախագծով գիտությանը հատկացվող 11.2 մլրդ դրամը ՀՆԱ-ի 0.246%-ն։
Բագրատյանի և ընդդիմադիր խմբակցությունների մի շարք պատգամավորների համոզմամբ, գիտությանը հատկացվող ֆինանսավորումը պետք է հասցվի ՀՆԱ 1%-ի:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն իհարկե համաձայնեց, որ գիտությանը պետք է ավելի շատ գումար հատկացվեր, սակայն համաձայն չէր պատգամավորների՝ գիտության ֆինանսավորումը ՀՆԱ 1% սահմանելու կարծիքի հետ։
Նախօրեին քննարկումներ ծավալվեցին նաև այն հարցի շուրջ, թե որ ոլորտներում կարող է ֆինանսավորումը պակասեցնել գիտության ոլորտում հատկացվելիք ֆինանսավորումն ավելացնելու նպատակով: Թեև հարցի վերաբերյալ դեռևս վերջնական կոնսենսուս չի ձևավորվել, ԱԺ-ում գիտության ոլորտի հատկացումների վերաբերյալ նման քննարկումներ երբևէ չէին եղել, որը «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» քաղաքացիական նախաձեռնության ակտիվ աշխատանքի արդյունքն է:
Այս կարծիքին է նաև ՊԳՖԱ ֆեյսբուքյան նախաձեռնության անդամ, «ARMACAD» գիտական ցանցի նախագահ Խաչիկ Գևորգյանը, ով նկատեց, որ նման ծավալուն քննարկումներ ԱԺ-ում գիտության ոլորտում հատկացումների վերաբերյալ չի հիշում, կամ նման քննարկում չի եղել երբևէ: «Քննարկումն ինքնին շատ լավ է, բայց գոհացնել կարող է արդյունքը, իսկ արդյունքը պետք է լինի գիտական հանրության պահանջը, այն է՝ գիտության ֆինանսավորումը հասցնել առնվազն ՀՆԱ 1%-ի, այսինքն՝ քառապատկել այսօրվա ֆինանսավորումը, որն այնուհետև տարեցտարի պետք է ավելանա 0,20%-ով: Այս քննարկումները և գործընթացն ամբողջությամբ գոհացուցիչ կլինի որակել միայն այդ սահմանագիծը հատելուց հետո: Եթե այս տեմպերով շարունակվի և կտրուկ ֆինանսավորման աճ չլինի, ապա ֆինանսավորման առումով նույն ողորմելի և ոչինչ չասող վիճակը մնալու է ՀՀ-ում»,- ասաց Խաչիկ Գևորգյանը:
Խոսելով խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում կուսակցությունների ներկայացուցիչների հետ ՊԳՖԱ հանդիպումներից՝ ասաց, որ այդ հանդիպումները կարևոր բաղկացուցիչն են այն ամենի, ինչն այսօր կատարվում է: Բայց նաև ընդգծեց, որ ակտիվ քննարկումները գիտության ոլորտում հատկացումների ավելացման վերաբերյալ ՊԳՖԱ-ի հետևողական աշխատանքի արդյունքն են հենց այսօր: «Ինչո՞ւ մեկ տարի առաջ նման բան տեղի չէր ունենում: Հետևաբար սա ՊԳՖԱ շարժման և գիտնականների համախմբման արդյունքն է: Գիտնականներն այս հարցում համակարծիք են և այս հարցում որպես կուռ կառույց են հանդես գալիս՝ գիտության ֆինանսավորման ավելացմանը միտված բոլոր տրամաբանական առաջարկություններին համաձայնություն տալով»,- նման տեսակետ հայտնեց Խաչիկ Գևորգյանը:
Անդրադառնալով նախաձեռնության առաջիկա անելիքներին՝ ասաց, որ այսօր ևս նախաձեռնությունն ակտիվ աշխատանքային փուլում է. «Խմբակցությունների ներկայացուցիչների և գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ պետք է նորից հանդիպումներ տեղի ունենան: Այսինքն՝ սա մի երկարատև գործընթաց է, որը պետք է շարունակվի այնքան ժամանակ քանի դեռ արդյունքը լիովին գոհացուցիչ չլինի գիտական հանրության համար»: Ըստ «ARMACAD» գիտական ցանցի նախագահի՝ ՊԳՖԱ նպատակը հեռու և անիրականանալի չէ, դա անհրաժեշտություն է, որն այն աստիճանի է հասել, որ լինել-չլինելու հարց է, պետության կայացման հարց է, ուստի ինչքան էլ այդ նպատակը ֆինանսական տեսանկյունից անհավանական թվա, պետք է իրագործվի և իրագործվելու է, որովհետև հակառակ պարագայում պետությունը մրցունակ լինելու և աշխարհի պետությունների շարքում իր խոսքն ասելու հնարավորություն չի ունենա:









































