Իրանցի պաշտոնական անձինք հերքել են ուրանի՝ մինչև 20 տոկոս հարստացումը դադարեցնելու մասին հաղորդագրությունը: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:
Ավելի վաղ իրանական ISNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Մոհամմեդ Հուսեյն Աֆսարիին, հաղորդել էր, որ Իրանը դադարեցրել է 20 տոկոս հարստացված ուրանի արտադրությունը:
«Իրանը հուսով է, որ արևմտյան երկրները կկասեցնեն Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ ի պատասխան մշակումների դադարեցման, հակառակ դեպքում Իրանը կշարունակի ուրանի հարստացումը»,- ասել էր Աֆսարին:
Անանուն աղբյուրը Fars գործակալությանը հաղորդել է, որ հարստացված ուրանի արտադրությունը շարունակվում է առանց ընդհատումների:
Ավելի ուշ ISNA-ն ուղղում է արել պատգամավորի խոսքում՝ մեջբերելով Աֆսարիի խոսքերն այսպես՝ «Այն դեպքում, երբ Իրանը պատրաստ լինի դադարեցել ուրանի՝ մինչև 20 տոկոս հարստացումը, սպասվում է, որ Արևմուտքը կկասեցնի երկրի դեմ սահմանված պատժամիջոցները»:











































