ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Սուդանի դեմ քաղաքական և տնտեսական պատժամիջոցների ժամկետը, որոնք սահմանվել էին 1997թ.-ին: Ինչպես ուրբաթ հաղորդել է ԱՄՆ պետքարտուղադրությունը` նման որոշումը պայմանավորված է նրանով, որ Սուդանի իշխանությունների գործողությունները նախկինի պես սպառնում են տարածաշրջանի կայունությանը:
ԱՄՆ-ի արտաքին քաղաքական վարչությունում նշվում է, որ վերջին տարիների ընթացքում Սուդանը իր հարևան Հարավային Սուդանի հետ կարգավորել է մի շարք վիճելի հարցեր, և դա կարևոր քայլ է երկու երկրների միջև խաղաղության հաստատման գործում: Միաժամանակ, որոշ գավառներում իրավիճակը դեռևս համարվում է սպառնալից, և շարունակվում են մարդու իրավունքների խախտումն ու հումանիտար ճգնաժամը:
Այդ խնդիրների կարգավորումը անհրաժեշտ է ամերիկասուդանյան հարաբերությունների կարգավորման համար` ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ:









































