Երեկ երեկոյան «Հրապարակ»-ի խմբագրությունը դարձյալ ահազանգ ստացավ, որ նախօրեին կովի անկման դեպք է տեղի ունեցել Վարդենիսի տարածաշրջանի Ծովակ գյուղում: Սա նշանակում է, որ, հակառակ գյուղատնտեսության փոխնախարար, անասունների գծով կուրատոր Գրիշա Բաղյանի հավաստիացումներին, թե ամեն ինչ կարգավորված է՝ հիվանդությունը կանխված է, իսկ անասունները` պատվաստված, դարձյալ շարունակվում է սիբիրախտի պատճառով կովերի անկումը:
Բարեբախտաբար, սրան զուգահեռ չկան նոր վարակված մարդիկ: Ավելին, առողջապահության նախարարությունից երեկ թերթի թղթակցին հայտնել են, որ այս պահին ինֆեկցիոն բաժանմունքում սիբիրախտով վարակված հիվանդ չկա, բոլորը դուրս են գրվել: