«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում անդրադարձել է «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» հարաբերություններին՝ նշելով. «Ես հայտարարությամբ հանդես եկել եմ, որ մեղմ էր, անկեղծ էր, նվազագույնն էր ասում: Միասնական պայքարը սխալ չէր, որովհետև գործընկերության մեջ կային հրաշալի երիտասարդներ: Ես ուրախ եմ մեր համագործակցությունից: Խնդիրը եղել է մեկ մարդու մեջ, որը իմ վստահությունն է չարաշահել: Ես ընդունում եմ, որ սխալվել եմ: Իմ բնավորության մեջ կա նաև այդ գիծը, որ ես չեմ հանդուրժել և չեմ հանդուրժելու որևէ սուտ, կեղծիք, մեղսակցութուն՝ ոչ մեկի կողմից՝ սկսած ինձանից: Ինձ համար դա արդեն անցած է»:
Հարցին, թե եղե՞լ է արդյոք պայմանավորվածությունները փաստող ձայնագրություն, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է, որ որևէ ձայնագրությունից տեղյակ չէ: Եղել են վկաներ, սակայն իր համար ամենակարևորը տղամարդու խոսքն է. «Ես վստահեցի, սխալվեցի, դրա մասին ես ասում եմ. մեղքը իմն է, պատասխանատվությունն իմն է. չեմ զղջում, որովհետև դա անհրաժեշտ քաղաքական պայքար է»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ ինքը չի վերցրել պատգամավորի մանդատը նախ՝ որպեսզի պատրաստվի նախագահի ընտրություններին, ապա՝ որովհետև այդ մասին ուներ պայմանավորվածություն «այդ պարոնի հետ»: «Ժառանգությունը», նրա խոսքերով, նոր սերնդով է գտնվում խորհրդարանում:
Կուսակցության առաջնորդի կողմից մանդատ չվերցնելը համարել է սովորական երևույթ և նշել է, որ խորհրդարանական ուժերից ընդամենը մեկ կուսակցության ցուցակի առաջին համարն է, որ վերցրել է մանդատը և լավ աշխատում է:
Նշենք, որ խորհրդարան անցած 6 քաղաքական ուժերից մանդատները վերցրել են միայն ՀՅԴ և ԲՀԿ կուսակցությունների համամասնական ցուցակների առաջին համարները:










































