Արդեն 6 ամիս է Հայաստանում գործում է www.yevista.am կայքը, որ կարճ ժամանակահատվածում կարողացել է գտնել իր տեղը նման գործառույթ ունեցող միջազգային ու տեղական կայքերի շարքում:
Yevista.am-ում այս պահին կա ավելի քան 3000 կարծիք Երևանի և մարզերի հանգստի ու ժամանցի վայրերի, հիվանդանոցների, խանութների, ռեստորանների, սրճարանների, հյուրանոցների, բանկերի ու այլ վայրերի մասին:
Կայքի հիմնադիր, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) շրջանավարտ Տիգրան Սլոյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ գնահատականների ու կարծիքների միջազգային կայքերը բազմաթիվ են, և ոչ բոլորում է հայ սպառողը ակտիվ: Փոխարենը հայ սպառողները ակտիվ են www.yevista.am-ում, որը տեղական նախագիծ է տեղական բիզնեսների մասին: Սրճարան կամ ռեստորան գնալիս, երբ հիանում ենք ուտեստի համով կամ սպասարկմամբ, կամ երբ դժգհոհ ենք մնում կերակուրից, հաճախ ցանկություն է առաջանում դրական կամ բացասական կարծիքը կիսելու այդ վայրի հետագա հաճախորդների հետ ու խորհուրդ տալ ուտել այսինչ ուտելիքը, չխմել այնինչ կոկտեյլը կամ զգուշանալ ու ապահովագրվել վատ սպասարկումից:
Տիգրանը տեղեկացնում է, որ «Եվիստա» կայքում հնարվոր է կարծիք գրել սպասարկման ոլորտի և գործարար միջավայրի ցանկացած ընկերության մասին, իսկ եթե ընկերության տվյալները բացակայում են, ապա յուրաքանչյուր օգտատեր կարող է ավելացնել նոր ընկերություններ։
Եվիստայի հիմնական նպատակն է բարելավել Երևանի ու Հայաստանի սպասարկման ոլորտը և հանդիսանալ այն հարթակը, որը զուգահեռաբար օգտակար է թե՛ հաճախորդին, թե՛ ծառայություններ մատուցող կազմակերպություններին։










































