ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տնտեսական քաղաքականությունը վերջին 4 տարիներին արժանանում է ամենահակասական գնահատականների, սակայն մեկ ձեռքբերում դժվար է վիճարկել. Սպիտակ տան գնահատված արժեքը ավելացել է անշարժ գույքի շուկայի ընդհանուր վերականգնման ֆոնին: Այս մասին տեղեկացնում է MarketWatch-ը:
Հրատարակության տվյալով՝ ապագայում ամերիկացի նախագահների նստավայրի արժեքը կաճի:
Zillow անշարժ գույքի ինտերնետ-բազայի գնահատականներով՝ 2008-ից ի վեր Սպիտակ տունը թանկացել է 1,5%-ով՝ 280,8 մլն դոլարից հասնելով մինչև 284,9 մլն դոլարի:
Zillow-ի վերլուծաբանները օգտագործել էին ԱՄՆ-ի մայրաքաղաքում բնակարանային գների դինամիկան:
Եթե անշարժ գույքի գները Վաշինգտոնում և ԱՄՆ-ում պահպանվեն նույնությամբ, ապա 1 տարի անց Սպիտակ տան արժեքը կաճի ևս 1,1 %-ով, սակայն նրա արժեքը դեռ պակաս կլինի անշարժ գույքի շուկայի պիկի (2006թ. հուլիս) համեմատությամբ, երբ այն արժեր ռեկորդային՝ 299,9 մլն դոլար:
Zillow-ի վեբկայքը Սպիտակ տունը բնութագրում է որպես «տուն, որն ունի 55 հազար քառակուսի ֆուտ (5110 քմ), 16 ննջարան, 35 լոգարան, կառուցված է 1792թ.: Հասցեն՝ ք. Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Փենսիլվանիա ավենյու, տուն 1600»: Այն ունի համեստ գրառում` «Տունը չի վաճառվում»:
30 տարվա հիփոթեքային վարկի դեպքում կպահանջվի ամսական վճարել 992,7 դոլար: Zillow-ի փորձագետները հաշվարկել են նաև Սպիտակ տան վարձակալման արժեքը՝ ամսական 1,78 մլն դոլար:
Ինչպես նշում է Interfax-ը, Կոլումբիայի շրջանում բնակելի տների գները անգամ ճգնաժամի թեժ շրջանում ցուցաբերել են կայունություն:
Տվյալների մեկ այլ բազա՝ Movoto-ն, գնահատում է Սպիտակ տունը ընդամենը 110-115 մլն դոլար, սակայն այդ հաշվարկներում հաշվի չի առնվել շինության պատմական արժեքը:











































