Civil Georgia-ի հաղորդմամբ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Նյու Յորքում վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Վրաստանում ընթացող բարեփոխումների շնորհիվ այն հետխորհրդային շատ երկրների համար դարձել է օրինակելի պետություն:
«Նմանատիպ գործողություններով Վրաստանը պատմական առաքելություն է ստանձնել` ամբողջ հետխորհրդային տարածաշրջանի համար: Եվ ոչ միայն հետխորհրդային, քանի որ Թունիսի և Եգիպտոսի հեղափոխությունների արդյունքում շատերը ցանկություն են հայտնում, որ Վրաստանը գա և իրենց ռեֆորմներ սովորեցնի: Մենք ստեղծել ենք ինչ-որ մի ունիկալ բան և պետք է այն հասցնենք մինչև վերջ»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նրա խոսքերով, բարեփոխումները Վրաստանում երիտասարդության համար նոր հնարավորություններ են ստեղծել, ինչի արդյունքում «ամեն տարի էլ ավելի շատ հայրենակիցներ են վերադառնում Վրաստան, քան մեկնում երկրից, քանի որ մեր տարածաշրջանի համար մենք հանդիսանում ենք դեմոկրատիայի Սինգապուր, որը դառնալու է Եվրոպայում ամենազարգացող տնտեսությունը»:
«Դա երևակայություն չէ, և դա իմ կարգախոսը չէ»,- հավելել է Սաակաշվիլին: