Հայաստանի նախագահի 2013 թվականի ընտրությունից հետո Հայաստանի քաղաքական դաշտում խոշոր վերաձևումներն անխուսափելի են լինելու: Ընդ որում, ընտրության արդյունքներն այստեղ, ըստ էության, կապ չունեն: Ավելին, այս վերաձևումներն իրենց նշանակությամբ շատ ավելի կարևոր են լինելու, քան նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: 2013 թվականի նախագահական ընտրությունները հենց այս առումներով են դառնալու շրջադարձային Հայաստանի համար:
Առնվազն երեք քաղաքական ուժի պարագայում սպասվում են հետընտրական լուրջ պրոցեսներ` ՀՀԿ, ԲՀԿ և ՀԱԿ:
Արդեն այսօր ակնհայտ է, որ նախագահական ընտրություններից հետո Հայ ազգային կոնգրեսում լինելու են ներքին լուրջ պարզաբանումներ, և այսօր արդեն իսկ ճաքեր տվող կոնսենսուսը, որը երկար ժամանակ մի կերպ պահվում էր արտաքնապես, դառնալու է արդեն ներկոնգրեսական հետագա խմորումների անխուսափելի պատճառ, քանի որ դրանից է կախված լինելու արդեն ՀԱԿ-ի տեղն ու դերը Հայաստանի հետագա զարգացումներում:
Նույնը սպասվում է ԲՀԿ-ին: Նախագահական ընտրություններից հետո այս կուսակցության համար ծագելու է ընդհանրապես լինել-չլինելու խնդիր: Խնդիր է լինելու նաև Գագիկ Ծառուկյանի հեռանալը, և Ռոբերտ Քոչարյանը, անկասկած, անցնելու է արդեն ԲՀԿ-ն վերցնելու ավելի վճռական գործողությունների՝ մի կողմ թողնելով մարտավարական սեթևեթանքները: Հակառակ պարագայում, եթե Ռոբերտ Քոչարյանը չվերցնի կուսակցությունը, Սերժ Սարգսյանն արդեն ոչ թե վերցնելու, այլ վերացնելու է ԲՀԿ-ն:
Սերժ Սարգսյանին դա պետք է ՀՀԿ-ում ներքին վերադասավորումների ձեռնմուխ լինելու համար, քանի որ, առանց դրա, նա անխուսափելիորեն տապալելու է նախագահական իշխանության, այսպես ասած, ժառանգորդի խնդրի լուծումը՝ 2018-ից առաջ կանգնելով շատ մեծ ռիսկերի առաջ:
Ժառանգորդի հարցը Սերժ Սարգսյանից պահանջում է լուրջ վերանայումների գնալ ՀՀԿ-ում, և արդեն այսօր իսկ ՀՀԿ-ական շատ շրջանակներ անհանգստացած են հենց նման հեռանկարներով: Նրանց մեջ շատ լուրջ տագնապներ ու կասկածներ կան, որ դառնալու են ոչ թե «ժառանգորդ» օպերացիայի շահառուն, այլ «զոհը»: Ընդ որում, այդ կասկածներն ամենևին անհիմն չեն, առավել ևս, որ Սերժ Սարգսյանը հենց այս պատճառով է նաև շահագրգռված չեզոքացնել ԲՀԿ-ն ընդհանրապես, որպեսզի ՀՀԿ-ի այդ օլիգարխիկ հատվածը, որից թե՛ քաղաքական, թե՛ քարոզչական նկատառումներով պետք է ազատվի Սերժ Սարգսյանը, փախչելու տեղ չունենա:
Այլ կերպ ասած՝ նախագահական ընտրություններով Հայաստանում ամեն ինչ դեռևս նոր է սկսվելու, և Հայաստանի ներքաղաքական սուբյեկտներին ոչ թե սպրինտ, այլ մարաթոնյան վազք է սպասվում առաջիկայում:








































