Ամերիկյան Apple կորպորացիայից հեռացել է գլոբալ հաղորդակցությունների հարցերով փոխնախագահ Քեյթի Քոթոնը: Նա ընկերությունում աշխատել է ավելի քան 18 տարի և զբաղվել բջջային արդյունաբերությունը փոխած հիմնական արտադրանքների թողարկմամբ (iPod, iPhone,iPad):
Քոթոնի հրաժարականը հաստատել են Apple-ում: Մամլո ծառայության հայտարարության համաձայն՝ Քոթոնը որոշել է լքել ընկերությունը, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի ընտանիքի հետ:
Քոթոնը համարվում է ամենափորձառու PR տնօրեններից մեկը: Նա և իր թիմը պատասխանատու են եղել առանցքային ապրանքների թողարկման համար՝ օգնելով պահպանել առեղծվածայնության ու բացառիկության մթնոլորտը:
Քոթոնը Re/code պարբերականի հետ զրույցում ասել է, որ ընկերությունը լքելու մասին որոշումը եղել է ամենաբարդ որոշումներից մեկն իր կարիերայում: «Ինձ համար դա ծանր է, Apple-ը սրտիս ու հոգուս մի մասն է»,- ասել է նա:








































