Rzeczpospolita լեհական թերթի գլխավոր խմբագիր Տոմաշ Վրուբլևսկին ազատվել է աշխատանքից իր պարբերականում հրապարակված հոդվածի պատճառով, որում գրվել էր, թե 2010 թ. Սմոլենսկի մոտ վթարի ենթարկված նախագահական ինքնաթիռում հայտնաբերվել են պայթուցիկ նյութի հետքեր:
Թերթի կայքում հրապարակած հայտարության մեջ Վրուբլևսկին նշել է, որ հեռանում է՝ մտածելով թերթի բարի անվան մասին: Գլխավոր խմբագրի պարտականությունները ստանձնելու է Վրուբլևսկու տեղակալ Անժեյ Թալադը,- գրում է BBC-ին:
Ավելի վաղ Rzeczpospolita թերթը գրել էր, թե լեհ փորձագետները Տու-154-ի բեկորներում հայտնաբերել են տրոտիլի և նիտրոգլիցերինի հետքեր: Ավելի ուշ պարզվել էր, որ բեկորներում վերոնշյալ նյութերը չեն հայտնաբերվել, ինչը հաստատվել է նաև լեհական դատախազության կողմից:
Հարկ է նշել, որ նախօրեին ինքնասպանություն է գործել լեհ նախագահի մահվան գործով գլխավոր վկաներից մեկը՝ լեհական Յակ-40-ի բորտինժեներ Ռեմիգուիշ Մուսը:









































