«Ժողովուրդ»-ը գրում է.«Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչը հանրությանը հերթական «աչքալուսանքն» է տվել՝ ներկայացնելով անցած ամիսներին երկրում արձանագրված գնաճի մասին տվյալները: Ըստ այդմ’ Հայաստանում 12 ամիսների գնաճը կազմել է 4.4%, իսկ այս տարվա 4 ամիսներինը’ 1.7%: Այս տարվա ապրիլին’ մարտ ամսվա համեմատ, պարենային ապրանքերի գնաճը կազմել է 1%, ոչ պարենային ապրանքների մասով 0.1% գնանկում է գրանցվել, ծառայությունների ոլորտում’0.1% գնաճ: ԱՎԾ տվյալներով’ առավել բարձր գնաճ է արձանագրվել բանջարեղեն-կարտոֆիլ ապրանքախմբում’ 5.4%, միրգ ապրանքախմբում’ 1.8%, կաթնամթերք ապրանքախմբում’ 2.1%:
Այս տվյալներն, իհարկե, որեւէ նոր բան չեն ասում շարքային քաղաքացիներին, թերեւս միայն այն, որ իրականից ավելի մեղմ պատկեր են ներկայացնում: Սակայն արդեն իսկ դա բավական է, որպեսզի ակնհայտ դառնա, որ Սերժ Սարգսյանի’ մեկ տարի առաջ մարտի 18-ին տված խոստումը, թե «աշխատավարձերի աճը պետք է ավելին լինի, քան գնաճը», մեղմ ասած’ տապալվել է: Իհարկե’ դա ասվել էր արդեն նախկին վարչապետին ու նրա ղեկավարած կառավարությանը, սակայն ինչպես հիշում ենք, այն բանից հետո, երբ Տիգրան Սարգսյանը փառավորապես տապալեց ինչպես այս, այնպես էլ 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու ծրագիրը, նույն Սերժ Սարգսյանը հանդես եկավ Տ. Սարգսյանի հրապարակային պաշտպանությամբ ու գովեստով: Բավական է հիշել հենց միայն ԵԿՄ վերջին համագումարում Ս. Սարգսյանի ունեցած ելույթը:
Իսկ երբ Ս. Սարգսյանն ի վերջո որոշեց փոխել երկրի վարչապետին, հանրությանն այդպես էլ չներկայացվեց, թե որն էր Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելու պատճառը: Ս. Սարգսյանն այդպես էլ հանրային պատասխանատվություն չդրսեւորեց’ իր ընտրողներին ասելու, թե’ հարգելի քաղաքացիներ, ես կառավարության առջեւ խնդիր էի դրել, որն այն չկատարեց, ուստի եւ’ ես այս կառավարությունը փոխում եմ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:










































