Քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանն այսօր կարճատև այց կկատարի Մոսկվա՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամից ելքի ուղիները: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի աղբյուրներին:
«Պարոն Ֆելթմանը Մոսկվայում մի քանի ժամ կանցկացնի: Նա կժամանի երեքշաբթի առավոտյան և նույն օրը կուղևորվի Կիև»,- ասել է աղբյուրներից մեկը:
Սպասվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հանդիպումներ կանցկացնի Ռուսաստանի ԱԳՆ-ում՝ նշել է գործակալության զրուցակիցը:
Դեռևս մայիսի 2-ին Ֆելթմանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպման ժամանակ հայտնել էր, որ հաջորդ շաբաթ պատրաստվում է այցելել Կիև, ինչպես նաև Մոսկվա:
«Հաշվի առնելով Ուկրաինայում վատթարացող իրավիճակը՝ գլխավոր քարտուղարը խնդրել է ինձ հաջորդ շաբաթ մեկնել Կիև»,- ասել է Ֆելթմանը:
«Կգնամ նաև Մոսկվա և երկու քաղաքներում կհաստատեմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը՝ ուղղված զսպվածությանն ու անհապաղ երկխոսության վերադարձին»,- ընդգծել էր Ֆելթմանը:










































