Թաիլանդում երկրաշարժը մեծ վնաս է հասցրել թագավորության հյուսիսային նահանգներին: Երկրաշարժից հետո բնակիչները տների պատերին ճաքեր են հայտնաբերել: Նույնպիսի ճաքեր են հայտնվել նաև ճանապարհներին, փոխանցում է ITAR-TASS-ը:
Ոստիկանությունն ու կամավորները ուսումնասիրում են արհավիրքի էպիկենտրոնին հարակից շրջանները: Առայժմ լուրջ փլուզումների և զոհերի մասին տվյալներ չկան:
Այսօր Թաիլանդի հյուսիսում 6,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Սեյսմոլոգները հաղորդում են, որ էպիկենտրոնը գտնվում է Չիանգրայ քաղաքից յոթ կիլոմետր հեռավորության վրա: Այդ քաղաքի օդանավակայանում ուղևորները տերմինալից տարհանվել են: Ներկա պահին ստուգումներ են անցկացվում նաև օդանավակայանի տարածքում:






































