Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի», «Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի», «Մալխասյանն ընդդեմ Հայաստանի» և «Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի» գանգատներով 2012 թվականի հունիսի 26-ին կայացրած վճիռների պահանջները բավարարելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստում արդարադատության նախարարությանը հատկացրեց 49 288 եվրոյին համարժեք դրամ:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կառավարության նիստում տեղեկացրեց, որ «Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռով պետք է վճարվի 6 227 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, որից 6 000 եվրոյին համարժեք դրամ` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, իսկ 227 եվրոյին համարժեք դրամ` որպես դատական ծախսերի փոխհատուցում:
«Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռով պետք է հատկացվի 30 500 եվրոյին համարժեք դրամ, որից 30 000 եվրոյին համարժեք դրամ` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, և 500 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես դատական ծախսերի փոխհատուցում:
«Մալխասյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռով պետք է հատկացվի 4 543 եվրոյին համարժեք դրամ, որից 4 500 եվրոյին համարժեք դրամը` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: «Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի» գործի կայացված վճռով պետք է վճարվի 8 018 եվրոյին համարժեք դրամ, որից 8 000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Այս վճիռներն արդեն օրինական ուժի մեջ են մտել: Վճիռների պահանջների կատարման վերջնաժամկետներն են` «Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի պարագայում` 2012 թվականի դեկտեմբերի 5-ը, «Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի պարագայում` 2012 թվականի դեկտեմբերի 12-ը, «Մալխասյանն ընդդեմ Հայաստանի» և «Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռների պարագայում` 2012 թվականի դեկտեմբերի 26-ը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































