Կիրակի երեկոյան Հունաստանում սկսել է հեռարձակվել նոր պետական հեռուստաալիք՝ NERIT («Հունական նոր ռադիո, համացանց և հեռուստատեսություն»): Այն փոխարինում է DT հանրային հեռուստատեսությանը, որը ժամանակավորապես հեռարձակվում էր Հունաստանի պետական ռադիոհեռուստատեսության անցած տարվա հունիսին փակումից հետո (ERT): Այս մասին հայտնում է Աթենքի նորությունների գործակալությունը:
NERIT-ի հեռարձակումը նախատեսվում էր սկսել ապրիլի 27-ին, բայց քանի որ անհրաժեշտ էր ավարտել բոլոր իրավական ընթացակարգերը և համաձայնեցնել Եվրոպական հեռարձակման միության հետ, հեռարձակումը հետաձգվեց՝ գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է նոր հեռուստառադիոընկերության ղեկավար Յորգոս Պրոկոպակիսը:
«Մեր գլխավոր խնդիրն այն էր, որի NERIT-ը աշխատանքը սկսեր ընտրություններից առաջ՝ եթերում հավասարությունը (թեկնածուների) ապահովելու համար»,- ասել է Պրոկոպակիսը: ՏԻՄ և Եվրախորհրդարանի ընտրությունները տեղի կունենան մայիսի 25-ին:
Հեռուստաալիքը մտադիր է ընտրությունների մասին 16 նոր ծրագիր հեռարձակել: Պրոկոպակիսը հույս է հայտնել, որ դրանցում լիովին կներկայացվեն բոլոր կուսակցություններից բոլոր թեկնածուները:
2013-ի հունիսի 11-ին Անտոնիս Սամարասի կառավարությունը հայտարարեց ERT-ի փակվելու մասին՝ նրան մեղադրելով շռայլության և ֆինանսների ոչ թափանցիկության մեջ: Աշխատանքից հեռացվեց մոտ 2.600 մարդ:









































