Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում տուժող, բժիշկ Արտակ Բայադյանը հայտարարել է, որ իրեն և ևս 4 տուժողների դաժան ծեծի են ենթարկել 15-20 հոգի: Ըստ տուժողի, ծեծողները ագրեսիվ էին, ամեն հարված հասցնելիս հայհոյում էին՝ ծեծել են մինչև ուշագնաց լինելը: Տուժողը հայտարարել է, որ դեպքի օրվա կապակցությամբ ճանաչում է բոլոր 6 ամբաստանյալներին՝ Գարիկ Մարգարյանին, Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին:
«Փաստինֆո» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տուժողը նշել է, որ տուժող Արկադի Աղաջանյանի ծննդյան օրը նշելու համար «Հարսնաքար» եկած տուժող Վահե Ավետյանի հագուստը չի կարելի միանշանակ մարզահագուստ համարել, այդուհանդերձ, մարզահագուստով փակ տարածքում գտնվելու արգելքի վերաբերյալ մատուցող Դավիթ Ադամյանի դիտողությանը Վ.Ավետյանը հումորով էր արձագանքում, իսկ Դ.Ադամյանը շատ ագրեսիվ էր: Հագուստը փոխելուց հետո վերադառնալով «կարո՞ղ է գլխարկով էլ չի կարելի» Վ.Ավետյանի հարցից հետո նա և տուժող Արկադի Աղաջանյանը դուրս հրավիրվեցին՝ խոսելու: Ավելի ուշ տուժողը Վ.Ավետյանին հայտնաբերել է կքանիստ վիճակում՝ ձեռքով գլուխը պահած, քթից արյուն էր հոսում:
Ըստ տուժողի, «տանտերերը» հարցնում էին՝ ո՞վ է հայհոյել, տուժողը պատասխանել է, որ իրենք չեն հայհոյել, սակայն այնպիսի տպավորություն էր, որ նրանց պատասխանին չէին սպասում, ասացին, որ մատուցողին կպատժեն և «գլխի տակ փափուկ բարձ դնելով»՝ իրենց առաջնորդեցին դեպի ավտոկայանատեղի: Տուժողը նշեց, որ ջարդարարները պարզապես ինչ-որ բանի էին սպասում և նպատակ ունեին բոլորին հավաքել մի տեղում: Այստեղ տուժողներին շրջապատել են 15-20 հոգի, սկսել հարվածել: Ըստ տուժողի, մասնավորապես, իրեն շատ էին հարվածում՝ հիմնականում դեմքին ու գլխին, ապա լսել է ծեծողների հայտարարությունը՝ «լավ, մեռավ, էլ մի խփեք», և կորցրել է գիտակցությունը: Ուշքի գալով՝ իրենից 5-10 մ հեռավորության վրա հայտնաբերել է Վ.Ավետյանին անբնական վիճակում, ծալապատիկ պառկած՝ անգիտակից էր, պուլսը թույլ էր, կար թեթևակի ներշնչանք՝ խռխռոցի ձևով:
Որքան հնարավոր է արագ տուժողները հասել են հոսպիտալ, վերելակում Վ.Ավետյանի մոտ տեղի է ունեցել շնչառական կանգ, նրան արհեստական շնչառություն է միացվել: Իսկ հետագա հետազոտումը ցույց է տվել, որ նրա ուղեղի միջին գծի շեղումը 5 անգամ գերազանցում է կյանքի հետ անհամատեղելի նվազագույն շեղումը: «Ամեն ինչ արեցինք Վահեին փրկելու համար, բայց հրաշք տեղի չունեցավ»,- ասաց նա:
Տուժողը հայտնել է նաև, որ Վահե Ավետյանին ճանաչում է 4 տարի՝ նա մարդասեր, ընկերասեր, հայրենասեր, բավականին հավասարակշռված անձնավորություն էր:
Ըստ մեղադրական եզրակացության, Գարիկ Մարգարյանը,Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:










































