Մեքսիկացին, որը կասկածվում էր Արիզոնայում 2010թ. ամերիկացի սահմանապահ Բրայան Տերին սպանելու մեջ, հոկտեմբերի 30-ին ընդունել է իր մեղքը:
Մանուել Օսորիո-Արելանեսը խոստովանել է, որ սպանության օրը ինքը գտնվել է Արիզոնայի տարածքում, որտեղ համախոհների հետ միասին պատրաստվել է հարձակում իրականացնել թմրամիջոցների առևտրով զբաղվողների վրա, և մասնակցել է սահմանապահների հետ փոխհրաձգությանը:
Նրան սպառնում է ցմահ ազատազրկում:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցչի խոսքով՝ դաշնային ծառայության գործակալները շարունակում են նույն գործով երեք այլ կասկածյալների որոնումները:
Բրայան Տերին սպանվել է 2010թ. դեկտեմբերի 14-ին` Արիզոնայում հանցավոր խմբավորման հետ բախման ժամանակ, Մեքսիկայի հետ սահմանին:
Սպանության վայրում հայտնաբերվել էին «Կալաշնիկով» տեսակի երկու ինքնաձիգ:
Տերիի սպանությունից հետո նրա հարազատները հայց են ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ՝ պահանջելով որպես փոխհատուցում վճարել 25 մլն դոլար:
Սահմանապահի հարազատների խոսքով՝ Տերիի սպանության մեջ մեղավոր են ԱՄՆ-ի իշխանությունները: