Հոկտեմբերի 30-ին պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Չեխիայի Հանրապետության ժողովրդին և Սենատի անդամներին՝ Ազգային տոնի առթիվ: Նա վստահություն հայտնել է, որ երկու երկրների խորհրդարանների միջև բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա: «Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ տարբեր ձևաչափերով համագործակցությունը զարգացնելու հարցում, հաշվի առնելով նաև այն ընդհանուր նպատակները, որ մենք ունենք Արևելյան գործընկերության շրջանակներում»,- նշեց ԱԺ նախագահը: Միջպետական հարաբերությունների խորացման առումով` Հովիկ Աբրահամյանը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը: ԱԺ նախագահի խոսքով` քաղաքական երկխոսության համատեքստում կարևոր դեր կարող է ունենալ խորհրդարանական դիվանագիտությունը, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Նա նշել է, որ Ազգային ժողովում ձևավորել է Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամական խումբ, որի գործունեությունը կարող է նոր լիցք հաղորդել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությանը: «Մեր երկու երկրների խորհրդարանների միջև գործընկերային հարաբերություններ են հաստատվել և խորհրդարանական մակարդակով երկխոսությունը կարող է օգտակար լինել նաև փոխճանաչելիության բարձրացման համար, միմյանց ներքին և արտաքին քաղաքական օրակարգի հարցերի մասին լավ պատկերացումներ կազմելու, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում միմյանց աջակցելու տեսանկյունից»,-ասաց ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը կարևորեց երկու երկրների համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակներում:
Անդրադառնալով սաֆարովյան գործին` ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրեց Չեխիայի ԱԳՆ դիրքորոշումը, որը միանշանակ խիստ գնահատական էր տվել տեղի ունեցածին: Նա բարձր գնահատեց Չեխիայի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով ընդունած դատապարտող բանաձևը: «Կարևորելով մեր գործընկերների կողմից արդարացի և առանձնահատուկ այս քայլը՝ համոզված եմ, որ մեր խորհրդարանների միջև համագործակցությունն այսուհետ ևս կլինի արդյունավետ և շարունակական»: Պարոն Աբրահամյանը նաև շնորհակալություն հայտնեց հանդիպմանը ներկա Սենատոր Շտետինային իր բազմամյա հայանպաստ աշխատանքի համար՝ սկսած 1988թ. ավերիչ երկրաշարժի ժամանակաշրջանից: Նա բացի Ռամիլ Սաֆարովի վերաբերյալ բանաձևի ընդունումից, վերջերս ԵԱՀԿ ԽՎ Տիրանայում տեղի ունեցած հերթական նիստի ժամանակ սատարել է ՀՀ դիրքորոշումը, հատկապես Սաֆարովի դեպքի առնչությամբ:
Պարոն Աբրահամյանը կարևորել է Չեխիայի դիվանագիտական ներկայացուցչության գործունեությունը Հայաստանում` առաջարկելով բացել Երևանում Չեխիայի լիարժեք դեսպանություն, որտեղ կգործի նաև հյուպատոսական ծառայություն և Հայաստանի քաղաքացիները ստիպված չեն լինի մեկնել Վրաստան Չեխիա մուտքի արտոնագիր ստանալու համար: Աժ նախագահի համոզմամբ՝ դեսպանության բացումը դրական ազդեցություն կունենա նաև քաղաքական երկխոսության շարունակականության ապահովման, առևտրատնտեսական համագործակցության, զբոսաշրջության և մարդկային շփումների ակտիվացման առումով:
Չեխիայի Սենատի նախագահը շնորհակալություն է հայտնել Հովիկ Աբրահամյանին իր հրավերը ընդունելու և Չեխիա այցելելու համար: Նա բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և այս համատեքստում կարևորեց միջխորհրդարանական գործակցության զարգացումը: Միլան Շտեխը համոզմունք է հայտնել, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Չեխիա նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը: Նա կարևորեց Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները : Անդրադառնալով Սաֆարովի արտահանձնմանը և դատապարտելով այն` պարոն Շտեխը նշեց, որ Հունգարիայի քայլը միգուցե սխալի կամ անփութության հետևանք էր, բայց Ադրբեջանի նախագահի քայլը միջազգային բոլոր չափանիշներին դեմ էր:«Անթույլատրելի է , որ մարդասպանը ազատ է արձակվում և հերոսի կոչում է ստանում»,-նշել է Չեխիայի Սենատի նախագահը:
Միլան Շտեխը կարևոր է համարել Հայաստանում Չեխիայի լիարժեք դեսպանություն ունենալու Հովիկ Աբրահամյանի առաջարկը և համոզմունք հայտնեց, որ այն կնպաստի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը բոլոր ուղղություններով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ ևս: Անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրին, Սիրիայում ծավալվող իրադարձություններին: Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ մինչև 2015թ.-ը Չեխիայի Հանրապետության խորհրդարանը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը:
Հովիկ Աբրահամյանը Չեխիայի Սենատի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման արդյունքները երկու խորհրդարանների ղեկավարները ամփոփել են համատեղ ճեպազրույցում, ինչպես նաև պատասխանել լրագրողների հարցերին:
«Ադրբեջանի իշխանությունների այս որոշումը հակասում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին՝ մարդասպանը չի կարող ազատության մեջ հայտնվել ու ստանալ հերոսի կոչում» – ասել է պարոն Շտեխը:
«Մարդասպանին, ոճրագործին հերոսացնելը հարիր չէ որևէ երկրի նախագահի: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Չեխիայի արտգործնախարարությանը, Չեխիայի Սենատին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, նրանց, ովքեր դատապարտեցին Ադրբեջանի և Հունգարիայի կողմից իրականացված այդ անբարոյական քայլը», – ասաց Հովիկ Աբրահամյանը:
Ազգային ժողովի նախագահի խոսքով` Չեխիայի իշխանությունները հավասարակշռված դիրքորոշում ունեն կովկասյան տարածաշրջանի հակամարտությունների հարցում, ինչը Հայաստանը բարձր է գնահատում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իր այցի ընթացքում դիմելու է Չեխիայի կառավարությանը, որպեսզի Երևանում գործող դիվանագիտական ներկայացուցչությանը հնարավորություն տրվի մուտքի վիզաներ տրամադրել Հայաստանի քաղաքացիներին:
Չեխիայի Սենատի նախագահը ասաց, թե տեղյակ է, որ Հայաստանի պատմությունը հնագույններից է, և Հայաստանն է առաջին անգամ պետականորեն քրիստոնեություն ընդունել: Նա վստահեցրեց, որ մտադիր է տարբերակներ որոնել Հայաստանի քաղաքացիների համար Չեխիա մուտքի արտոնագրերի տրամադրման հարցը դյուրացնելու ուղղությամբ: Պարոն Շտեխը նշեց, որ Չեխիան պատրաստ է աջակցել Հայաստանին եվրաինտեգրման գործընթացում: Նրա խոսքով` չեխ գործարարները պատրաստակամ են ներդրումներ կատարել Հայաստանում:
Չեխիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բոնիչի և խմբի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում միջխորհրդարանական համագործակցության խորացմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:
Նույն օրը ԱԺ նախագահը և պատվիրակության անդամները այցելեցին Լիդիցե տուն-թանգարան, շրջայց կատարեցին Լիդիցե հուշահամալիրում, ծաղիկներ դրեցին անմեղ զոհերի շիրիմին և Լիդիցեի երեխաների արձանի մոտ, եղան Լիդիցեի մանկական պատկերասրահում: Հովիկ Աբրահամյանը հանդիպեց և զրուցեց ողբերգությունը վերապրածների հետ:
Օրվա վերջում ԱԺ նախագահը հանդիպեց Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հովիկ Աբրահամյանը իր խոսքում անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին, պատասխանեց մեր հայրենակիցներին հուզող բազմաթիվ հարցերի: «Մենք ունենք աշխարհասփյուռ հայրենակիցներ, որոնց ջանքերի և հնարավորությունների մեկտեղումը բխում է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Սփյուռքի շահերից, որովհետև տարածության առումով բաժանված լինելով, բայց և մեր ժողովրդի միասնական շահը գիտակցելով՝ մնացած ամեն ինչով մեկ ընդհանրություն պետք է լինենք: Միայն ա՛յդ կերպ կարող ենք դիմագրավել համազգային մարտահրավերները, լուծել համազգային խնդիրները, և հենվելով այսօրվա Հայաստանի ձեռքբերումների վրա՝ ուրվագծել ա՛յն արժանապատիվ ապագան, որը մեր ժողովրդի բոլոր զավակների ձգտումն է՝ անկախ նրանց գտնվելու վայրից:Այսօր բոլորիս խնդիրն է ամրապնդել Հայաստանի պետականությունը և հզորացնել մեր երկիրը, իսկ այդ ճանապարհին մենք պետք է լուծենք բազմաթիվ խնդիրներ: Այս գործընթացում ակնկալում ենք նաև ձեր գործուն մասնակցությունը:»,-նշեց Հովիկ Աբրահամյանը:
«Ես ուրախ եմ, որ դուք այստեղ՝ Եվրոպայի սրտում, անմասն չեք ե՛ւ Հայաստանի, ե՛ւ ընդհանրապես մեր ժողովրդի խնդիրներից, անտարբեր չեք նրա ճակատագրի հանդեպ»: «Սիրելի հայրենակիցներ, համոզված եմ, որ գալու է նաև այդ ժամանակը, երբ արդեն շուրջ 20 տարի դե ֆակտո անկախ Արցախը վաղ թե ուշ անկախ է ճանաչվելու նաև դե յուրե: Արդեն այսօր ժողովրդավարությամբ և մարդու հիմնարար ազատությունների պաշտպանության մակարդակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը գերազանցում է իր անմիջական հարևան Ադրբեջանին: Իսկ այժմ Հայաստանը ԼՂ հարցի շուրջ վստահորեն բանակցություններ է վարում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության /ԵԱՀԿ/ Մինսկի խմբի շրջանակներում՝ առաջնորդվելով ոչ միայն արցախահայության, այլև համայն հայության շահերով: Հայաստանի իշխանությունները բազմիցս են հայտարարել, որ կողմ են խնդրի լուծմանը միայն խաղաղ ճանապարհով՝ ի տարբերություն Ադրբեջանի կողմից պարբերաբար և ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարությունների: Միևնույն ժամանակ մենք համոզված ենք, որ Արցախի հարցը ստանալու է հայանպաստ լուծում: Հայաստանի Հանրապետությունը` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հստակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել և չի լինի Ադրբեջանի կազմում»,-շեշտեց ԱԺ նախագահը:
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Միրոսլավա Նեմցովայի և Պրահայի արքեպիսկոպոս, Բոհեմիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ: Նույն օրը ուշ երեկոյան ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան:









































