«Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ՍՊԸ-ն, որը կառուցում էր հոկտեմբերի 25-ին Խանջյան 20 հասցեի կիսափլուզված շենքը, Երևանի կենտրոնում կառուցում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի երևանյան նստավայրը և «Սուրբ Աննա» եկեղեցին: Ըստ «Հայկական ժամանակ»-ի` այս տեղեկությունը վերոնշյալ ՍՊԸ-ի պաշտոնական կայքում էր տեղադրված:
«ՀԺ» թղթակիցն այս ընկերության բաժնետեր Գարիկ Չիլինգարյանից երեկ հետաքրքրվել է արդյոք եկեղեցին կառուցելու ընթացքում փլուզումներ հնարավո՞ր են, և ընդհանրապես` այդ ինչպե՞ս է ստացվում, որ զվարճանքների կենտրոն կառուցող ընկերությունը նաև եկեղեցի է կառուցում: Այս հարցին Գարիկ Չիլինգարյանը չի պատասխանել: «Ինչ ուզում եք արեք, ինչ ուզում եք գրեք»,- ասել է նա և անջատել հեռախոսը: Նշենք, որ օրեր առաջ տեղի ունեցած հայտնի փլուզման հետևանքով տուժող շինարարներից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ: