Կատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ թիմում անցկացրած իր առաջին մրցաշրջանը ծանր ստացվեց, ինչպես նաև նշել է, որ «Բարսա»-ի խաղաոճը իր համար բացարձակ նորություն էր:
«Այս մրցաշրջանի ընթացքում ինձ հետ և՛ լավ, և՛ վատ դեպքեր տեղի ունեցան: Շատ ծանր դասավորվեց, բայց ես չեմ պատրաստվում գլուխս կախել և շարունակելու եմ առաջ շարժվել: Այս տարի ես շատ բան եմ սովորել: «Բարսելոնա» եմ եկել օտար երկրից, այլ ֆուտբոլային խաղաոճով: Այս ամենը ինձ համար բացարձակ նորություն էր:
Ստիպված եղա հարմարվել, բայց միևնույն ժամանակ շատ բան սովորեցի ինչպես անձնական, այնպես էլ պրոֆեսիոնալ մակարդակում: Հույս ունեմ, որ այդ ամենը իմ օգտին կլինի, և հաջորդ մրցաշրջանում մենք մեծ հաջողությունների կհասնենք: Ես ինձ հանգիստ եմ զգում: Ամեն ինչ չէ, որ կյանքում հեշտ է տրվում, երբեմն անհրաժեշտ է լինում բախվել դժվարությունների»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում Football-Espana-ն:
Նշենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Նեյմարը մասնակցել է 25 հանդիպաման՝ դառնալով 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:









































