Վաղը Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավորներ Արմեն Դանիելյանի, Մհեր Արղամանյանի և Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, կհրապարակի պետական դավաճանության հատկանիշներով հարուցված գործով վերաքննիչ բողոքների վերաբերյալ որոշումը:
Այսօրվա դատական նիստի ընթացքից խիստ դժգոհ էին մեղադրյալների պաշտպանները: Մասնավորապես, Աշոտ Չտրկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դատական նիստը որակեց «խայտառակ». «Դատական նիստն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, բայց, ըստ էության, դատաքննությունը չավարտվեց: Օրենքով նախատեսված կարգով Վերաքննիչ դատարանը պետք է կողմերից հավաստիանար, որ իրենք նոր ապացույցներ (ապացույցները, որոնք նախկինում Առաջին ատյանի դատարանում անհիմն մերժվել են) հետազոտելու, կա՛մ վկաներին կանչելու, կա՛մ փորձաքննություն նշանակելու միջնորդություններ չունեն, բայց արդյունք չեն տվել, որից հետո ՀՀ դատարանների նախագահների խորհրդի թիվ 100 որոշմամբ նախատեսված կարգով հեռանար խորհրդակցական սենյակ:
Քրեական դատավարության օրենսգրքի 382 հոդվածի երրորդ մասը նախատեսում է, որ մենք կարող ենք վերաքննիչ դատարանում նոր ապացույցներ ներկայացնել, կամ նախկինում ներկայացված ապացույցները, որոնք չեն ապացուցվել՝ քննարկման առարկա դարձնել: Դատարանն այսօր այդ ամենն իմանալով հանդերձ (մենք նախորդ նիստին հետաձգել էինք այս միջնորդությունները ներկայացնելու համար), չուզեց անգամ լսել, միանգամից, այսպես ասած, հեռացավ խորհրդակցական սենյակ: Ես և փաստաբան Սարգիս Ասլանյանը միջնորդություններ ունեինք, իսկ փաստաբան Ռուզաննա Սիրեկանյանը՝ հայտարարություն: Դատավորը հայտարարությունը չուզեց անգամ լսել, ասաց, որ հայտարությունների քննարկման փուլ չէ, միջնորդությունների փուլ է: Նախագահող դատավոր Արմենն Դանիելյանը կարծես ինքն իր համար հայտարարում է. «Քանի որ միջնորդություններ չունեք, մենք հեռանում ենք խորհրդակցական սենյակ»: Մենք ասում ենք ո՞նց միջնորդություններ չունենք, իհարկե՝ ունենք»:
Հարցին, թե դատավորն այս դեպքում օրենք խախտե՞լ է, փաստաբան Բաղդասարյանը պատասխանեց. «Այո, խախտվել են ՀՀ քր.դատ.օր. 23, 25, 124-127, 382, 391 և այլ հոդվածներ, Դատարանը խախտել է նաև ՀՀ Սահմանադրությունն ու ՀՀ դատական օրենսգիրքը, ինչպես և ամենակարևորը` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված մասը՝ արդար դատաքննության իրավունքը։ Դատարանը մեզ հնարավորություն չտվեց հիմնավորելու մեր պաշտպանյալներին հանիրավի դատապարտելու հանգամանքը։ Դատարանն, այսպես ասեմ, գործն այսօր լուծելու տրամադրվածություն ուներ: 6 ամիս է՝ քննում է գործը, բայց այսօր, չգիտես ինչու, ուզում էր հապճեպ վերջացնել: Վերաքննության բուն խնդիրը այս միջնորդություններն էին, միջնորդություն անում ենք՝ դատարանը բավարարում է, և մենք սկսում ենք ապացույցներ հետազոտել, ամբողջ Վերաքննիչ դատարանի էությունը սա է: Այլապես, այն ինչո՞վ է տարբերվում Վճռաբեկ դատարանից»։
Խոսելով Վերաքննիչ դատարանի ակնկալիքների մասին՝ Բաղդասարյանը նշեց, որ շատ ուրախ կլինի, որ դատարանն իր պատկերացրածի հակառակ որոշումը կայացնի, բայց իր կարծիքով՝ դատարաններն այսօր անում են այն, ինչ իրենց թելադրում են:
Հիշեցնենք, որ դատավճռով ամբաստանյալ Կարեն Մեհրաբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պետական դավաճանություն», և դատապարտվել է 14 տարվա ազատազրկման` գույքի կեսի բռնագրավմամբ: Ամբաստանյալ Ռոմիկ Մաթևոսյանը նույնպես մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 10 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Ամբաստանյալ Աշոտ Չտրկյանը մեղավոր է ճանաչվել պետական դավաճանությանը օժանդակելու մեջ և դատապարտվել 10 տարվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման: Ամբաստանյալներ Կարեն Պետրոսյանն ու Արթուր Ավետիքյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ «հանցագործության մասին չհայտնելը», և դատապարտվել մեկուկես տարվա ազատազրկման։ Ամբաստանյալ Դավիթ Ավետիքյանը նույնպես մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։








































