Կառավարությունն այսօր խորհրդարանին է ներկայացրել 2013 թվականի պետական բյուջեն: Ամեն ինչ անցել է սովորական ընթացքով և գրեթե սովորական դարձած ձևակերպումներով: Մենք այդ ձևակերպումները լսում ենք արդեն չորս տարի, իսկ գուցե նաև` 14 տարի, սակայն Հայաստանն այդ ամենից չի փոխվում անգամ 14 հիմնարար հատկանիշներով:
Այսինքն` Հայաստանում տարեկան գոնե մեկ խոշոր փոփոխություն տեղի չի ունենում: Խոսքն, իհարկե, համակարգային, հիմնարար փոփոխությունների մասին է: Այդ պայմաններում, խոշոր հաշվով, պետական բյուջեի քննարկումները դառնում են զուտ տեխնիկական հարց, քանի որ Հայաստանն ըստ էության ոչ թե պետական, այլ ստվերային բյուջեի երկիր է: Հայաստանի իշխող համակարգը պահվում է ստվերային բյուջեի վրա, հետևաբար պետական բյուջեն այստեղ շղարշ է, ընդ որում` անխնա մսխվող շղարշ:
Պետական բյուջեն դիտելիս իրականում պատկերացում ես կազմում ստվերային բյուջեի մասին: Իսկ Հայաստանի ստվերային բյուջեն, ըստ տարբեր հաշվարկների, պետական բյուջեից ավելի է, որով պահվում են օլիգարխների բանակները, որով սպասարկվում են հասարակության դեմ համակարգային պայքարի ճակատը, քրեական տարրերը, ընտրակաշառքները, ահաբեկումները և այլն, և այլն:
Եվ չնայած այսօր իբր պայքար է սկսված պետական բյուջեի միջոցները յուրացնողների դեմ, այնուամենայնիվ` ակնհայտ է, որ այստեղ ընդամենը ձևականության մասին է խոսքը, իսկ իրականում ոչ մի պայքար էլ չկա, և այդ միջոցները շարունակվում են հոսել կոռուպցիայի լայնահուն խողովակաշարով դեպի պաշտոնյաների գրպանները:
Այս իմաստով պետական բյուջեն խորհրդարանում է, թե աղբարկղում` ըստ էության, ոչ մի նշանակություն չունի: Նաև այն պատճառով, որ Հայաստանի խորհրդարանն էլ չունի այն մակարդակը, որտեղ կարող է կազմվել իրապես պետական բյուջե, իսկապես պետություն ու դրան հարիր նպատակներ և թիրախներ պարունակող պետական բյուջե:
Այսինքն` հասարակության համար տեղի է ունենում ոչինչ, և որքան էլ այդ ոչինչը փորձ արվի ինչ-որ բանի տեղ ներկայացնել, միևնույն է` 2013 թվականի ընթացքում և տարվա ավարտին մենք հերթական անգամ «վայելելու» ենք ընդամենը ստվերային Հայաստանի «պերճանքն» ու «թշվառությունը»:
Որպեսզի պետական բյուջեն ստանա պետական ու հասարակական նշանակություն, պետք է թափանցիկ, բաց ու հաշվետու լինի պետական կառավարման համակարգը: Ընդ որում, այդ հաշվետու լինելը պետք է կայանա ոչ թե այն ժամանակ, երբ իշխանությունը կկամենա` ելնելով այս կամ այն քաղաքական նպատակահարմարությունից, այլ միշտ, այսինքն` հասարակության կամքով:
Հայաստանում չկա պետական կառավարման համակարգի թափանցիկություն և հաշվետվողականություն, Հայաստանում իշխում են կառավարման կուլիսային, ստվերային մեխանիզմները, իսկ իշխանությունը քաղաքացիների առաջ հաշվետու է լինում, երբ ինքն է հարմար գտնում:
Քանի դեռ Հայաստանում լուծված չէ այդ խնդիրը, պետական որևէ ընթացակարգ չի կարող ունենալ իրական հանրային նշանակություն, այլ ընդամենը կհանդիսանա ստվերային պետության քաղաքակիրթ շղարշ:








































