Բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչի փաստաբանները, որին Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալը մեղադրում է ռազմական հանցագործությունների համար, դատարանից պահանջել են տրիբունալի համակարգչային համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով 3 շաբաթով հետաձգել գործընթացը, հայտնում է Ria Novsoti-ն՝ հղում անելով Բելգրադի «Բետա» գործակալությանը:
Հիմա փաստաբանները պատրաստվում են պաշտպանության փաստարկների հրապարակմանը: Դատական գործընթացի այդ մասի սկիզբը նշանակված է մայիսի 13-ին:
Միևնույն ժամանակ, իրավաբանները պնդում են, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը չեն հասցնում պատրաստել տրիբունալի համակարգիչների՝ Windows XP օպերացիոն համակարգից Windows 7-ի անցնելու հետևանքով առաջացած խնդիրների պատճառով:
Ի պատասխան՝ դատախազությւոնը պահանջել է այդ դիմումի գործով լսումներն անցկացնել անմիջապես դատարանի դահլիճում և զգուշացրել է, որ հետաձգումը կհանգեցնի ամբողջ գործընթացի ձգձգման:
Ռատկո Մլադիչի դատավարությունը սկսվել է 2012-ի մայիսի 16-ին:
Ռատկո Մլադիչը մեղադրվում է 1992-1995թթ. բոսնիացի մուսուլմանների, սերբերի և խորվաթների ու Բոսնիա և Հերցեգովինայում այլ էթնիկ խմբերի նկատմամբ ցեղասպանության և մի շարք այլ հանցագործությունների մեջ:
Նրա դեմ մեղադրանքներն առաջադրվել են 1995 թ.: Այդ օրվանից նա խուսափում էր արդարադատությունից, բայց 2011-ին ձերբակալվել է ու հանձնվել նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային տրիբունալին:










































