Լիբիայի կառավարական ուժերը կորցրել են վերահսկողությունը Բանի Վալիդ քաղաքի նկատմամբ: Այս մասին հայտարարել է երկրի Պաշտպանության նախարար Ուսամա ալ-Ջուվալին:
«Բանակի հրամանատարությունը վերահսկողություն չի իրականացնում քաղաքի վրա, այդպիսով՝ զինյալները (նախկին առաջնորդ Քադաֆիի կողմնակիցներ) խոչընդոտում են քաղաքի բնակիչների վերադարձը»,- հայտարարել է Ուսամա Աալ-Ջուվալին: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Քաղաքը միանգամայն անմարդ է, բացառությամբ բնակիչների մի փոքր թվաքանակի, որոնք դեռևս պահպանում են իրենց խղճուկ գոյությունը: Նորմալ կենսագործունեության նշաններ չկան, ամենուր տեսանելի են հրետակոծման հետքեր»,-հավելել է նա:
Տրիպոլիից 90 կմ հարավ ընկած Բանի Վալիդում մարտերը սկսվել էին հոկտեմբերին: Սկզբում զինվորականները հաղորդել էին, որ քաղաքից դուրս են մղել ապստամբներին, սակայն հիմա հրամանատարությունում հաստատում են, որ այլևս իրավիճակը չեն վերահսկում:







































