Իսրայելը սկսել է Պաղեստինի ազգային վարչության դեմ մի շարք քաղաքական և տնտեսական պատժամիջոցների իրագործումը: Ինչպես հայտնում է Ynet տեղեկատվական գործակալությունը՝ այդ միջոցառումներն ընդունվել են խաղաղ կարգավորման վերաբերյալ իսրայելա-պաղեստինյան ուղիղ բանակցությունների 9-ամսյա ժամկետի՝ ապրիլի 29-ի ավարտից մեկ օր առաջ՝ ի պատասխան պաղեստինյան ղեկավարության կողմից հակաիսրայելական քայլերի:
Գործակալությունը այդ քայլերի շարքում ներառել է ՀԱՄԱՍ արմատական իսլամիստական շարժման (որը հերքում է Իսրայելի գոյության իրավունքը) մասնակցությամբ ազգային միասնության պաղեստինյան կառավարություն ստեղծելու մասին համաձայնությունը, ինչպես նաև Պաղեստինի ձևական անդամակցությունը մի շարք միջազգային պայմանագրերի, համաձայնությունների և կոնվենցիաների:
Ապրիլի 28-ին Իսրայելը հայտարարեց Հորդանան գետի արևմտյան ափին պաղեստինցիների համար բնակարաններ կառուցելու ծրագրերի սառեցման մասին:
Հետագայում պատժամիջոցների ծրագիրը կարող է ընդլայնվել՝ դադարեցվի մի շարք տնտեսական համատեղ ծրագրերի ֆինանսավորումը, արգելվի Հորդանանի Արևմտյան ափին արբանյակային կապի համակարգերի ընդլայնումը, սահմանափակվեն մի շարք պաղեստինցի բարձրաստիճան պաշտոնյաների տեղաշարժը:









































