Գործը, որ քննվում է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, մեկ անգամ մեր դատական եռաստիճան համակարգում արդեն անցել էր բոլոր երեք աստիճանները ու Վճռաբեկ դատարանի կողմից նորից ուղարկվել առաջին ատյան՝ նոր քննության: Նախորդ ատյանների կայացրած դատական ակտերը բեկանվել էին քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառման հիմնավորմամբ:
Իրավական խնդիր էր առաջացրել 2010 թվականի հուլիսի 15-ին Երևանի Նոր Արեշի 50-րդ փողոցում գտնվող «Սառնաղբյուր» սրճարանի մոտ հնչած կրակոցը: Նախաքննական մարմինը մի որակում էր տվել արարքին, իսկ դատական երկու ատյանները՝ մեկ այլ:
Կրակողը, ըստ մեղադրանքի, եղել էր 35-ամյա Արարատ Բաղդասարյանը: Նրա հոր և մորաքրոջ ամուսնու՝ Միհրան Գրիգորյանի հեռախոսային խոսակցության ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել, վերջինիս կողմից վիրավորական արտահայտություն էր հնչել Արարատի ծնողների հասցեին: Արարատի կրտսեր եղբայր Սերգեյը պայմանավորվել էր Գրիգորյանի հետ, որ հանդիպեն «Սառնաղբյուր» սրճարանի մոտ ու պարզաբանեն կատարվածը:
Հանդիպումը նշանակված վայրում կայացել էր ժամը 23-ն անց 30-ի սահմաններում: Կողմերը հասկացել էին իրար, պայմանավորվել էին գնալ Բաղդասարյանների տուն: Սերգեյը շարժվել էր դեպի իրենց մեքենան, իսկ Գրիգորյանը ցանկացել էր ջուր խմել ու մոտեցել էր «Սառը ջուր» կոչվող ցայտաղբյուրին:
Բայց հեռախոսային խոսակցության ժամանակ ծնողների հասցեին Գրիգորյանի թույլ տված արտահայտության մասին իմացել էր նաև Արարատ Բաղդասարյանը: Նա վերցրել էր իրեն պատկանող որսորդական հրացանը և չպարզված մեքենայով հասել եղբոր ու Գրիգորյանի հանդիպման վայրը: Ցայտաղբյուրին մոտեցած Գրիգորյանի վրա նա կրակել էր 4,5 մետր հեռավորությունից՝ որովայնի հրազենային թափանցող, միջանցիկ վիրավորում հասցնելով, տուժողի առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ըստ մեղադրանքի՝ Արարատ Բաղդասարյանը գործել էր տուժողին կյանքից զրկելու դիտավորությամբ, և իր մտադրությունն ավարտին չէր հասցրել իր կամքից անկախ պատճառներով՝ քանի որ մարդիկ էին հավաքվել և տուժողին շտապ տեղափոխել հիվանդանոց: Բժիշկները փրկել էին նրա կյանքը:
Նախաքննական մարմինը Արարատ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տուժող Գրիգորյանը դեպքի մասին հայտնել էր, թե երբ ցանկացել էր ցայտաղբյուրից ջուր խմել, հեռահար լույսերով կուրացնելով՝ իր դիմաց կանգնել էր մի մեքենա: Վարորդի դուրս գալուն պես հնչել էր կրակոց, ինքն ընկել էր: Դեպքն ակնթարթորեն էր կատարվել, նա չէր հասցրել տարբերել մեքենայի մակնիշն ու կրակողի ով լինելը: Երբ աչքերը բացել էր, տեսել էր, որ առաջինն օգնության է հասել Սերգեյ Բաղդասարյանը, հետո մոտեցել ու օգնել էր Արարատ Բաղդասարյանը: Այն, որ Արարատն էր եղել կրակողը, ինքը կնոջից իմացել էր հիվանդանոցում: Վերջինս էլ տեղեկացել էր ոստիկաններից:
Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել էր. գործի նյութերով ապացուցված էր, որ Արարատ Բաղդասարյանը դիտավորություն էր ունեցել ոչ թե սպանելու, կյանքից զրկելու տուժողին, այլ ծանր մարմնական վնասվածք պատճառելու: Ըստ դատարանի եզրակացության՝ որսորդական հրացանը երկփողանի էր, սարքին վիճակում, և սպանելու դիտավորություն ունենալու դեպքում ամբաստանյալը կարող էր երկու փողից էլ կրակել: Գործով ապացույցներ ձեռք չէին բերվել նաև, որ դեպքի վայրում շատ մարդիկ կային կամ ընդհանրապես մարդ կար: Իսկ դատավճիռը չի կարող ենթադրությունների վրա հիմնվել: Այս հիմնավորումներով դատարանը 2011 թվականի հուլիսի 12-ի դատավճռով վերաորակել էր առաջադրված մեղադրանքը, Արարատ Բաղդասարյանին մեղավոր ճանաչել դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով ու դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման, ապա համաներում էր կիրառել ու վճռել, որ պատժի չկրած մասը կրճատվելու է մեկ քառորդով:
Մեղադրանքի կողմը բողոքարկել էր այս դատավճիռը, սակայն վերաքննիչ քրեական դատարանը այն գնահատել էր հիմնավորված և օրինավոր: Իսկ Վճռաբեկ դատարանը 2011 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ բավարարել էր մեղադրանքի կողմի բողոքը՝ եզրակացնելով, թե նախորդ երկու ատյանների դատարանները թույլ էին տվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Դատական վերին ատյանը պարզաբանում էր կատարել, թե որն է սպանելու ուղղակի և անուղղակի դիտավորությունը, որը՝ մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությունը և այս պարզաբանման հետ նախորդ երկու ատյանների դատական ակտերը բեկանել էր, գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
Երեկ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այս գործով հերթական նիստն էր: Հնչեցին կողմերի վիճաբանությունները:
Մեղադրող Մկրտչյանը միջնորդեց ամբաստանյալ Բաղդասարյանին մեղավոր ճանաչել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության փորձի համար ու դատապարտել 10 տարի ազատազրկման:
Բաղդասարյանի շահերի պաշտպան Մարգարյանը մատնանշեց իր կարծիքով՝ կարևոր բացթողումներ, որ թույլ էին տրվել նախաքննության ժամանակ. չկար կրակված գնդակը, չէր որոշվել, թե հանցագործության գործիք հանդիսացող հրացանով վերջին անգամ երբ էին կրակել:
Ամբաստանյալի հորից առաջին ցուցմունքը վերցնելու ժամանակ նրան հասկանալի ձևով չէին բացատրել սահմանադրական իրավունքը, որ կարող է որդու դեմ ցուցմունք չտալ: Ոստիկանության աշխատողները դեպքից հետո ներկայացել էին Բաղդասարյանների տուն, Արարատի մորից պահանջել որդու որսորդական հրացանը ու ձևակերպել էին, իբր մայրն ասել էր՝ ահա այն հրացանը, որով տղաս կրակել է Գրիգորյանին: Մայրը դատարանում պնդել էր, թե նման բան չի ասել: Ու նրան ևս չէին զգուշացրել որդու դեմ ցուցմունք չտալու սահմանադրական իրավունքը:
Արարատ Բաղդասարյանը կամովին էր ներկայացել ոստիկանություն, բայց ի սկզբանե մեղքը չէր ընդունել: Նախաքննությունն ավարտելու պահին, ըստ պաշտպանի՝ ասես վրեժխնդիր լինելով նրա համառ լռության համար, առաջադրել էին մեղադրանք շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության փորձի համար:
Պաշտպանը անհասկանալի գնահատեց մեղադրողի միջնորդությունը պատժի մասով: Եթե մարդը մեղավոր է ճանաչվում հանցափորձի համար, ապա մեղսագրվող հոդվածի տվյալ մասով կարող է դատապարտվել 8 տարուց մինչև 11 տարի 3 ամիս ազատազրկման: Այս պայմաններում 10 տարի ազատազրկումն ակնհայտորեն խիստ պատիժ էր: Բաղդասարյանը երկու երեխա ունի, նախկինում դատված չի եղել, դրական է բնութագրվում,, նրա խնամքին են նաև չաշխատող ծնողները և երրորդ կարգի հաշմանդամ կինը:
Պաշտպանը մի քանի միջնորդություն կատարեց՝ բոլոր հնարավոր դեպքերի համար: Նախ ասաց, թե հանցագործությանը իր պաշտպանյալի մասնակցությունն ապացուցված չէ, հետևաբար նա պետք է ճանաչվի անպարտ ու արդարացվի: Մեկ էլ տեսար մի օր իսկական հանցագործը բացահայտվեց: Այդ դեպքում ի՞նչ պիտի անեն. մի հատ «Կոմս Մոնտե Քրիստո» պիտի նվիրեն անհիմն պատիժ կրած մարդուն ու ներողությո՞ւն խնդրեն:
Եթե դատարանը եզրակացնի, որ Արարատ Բաղդասարյանը գործել է հանցանքը, ապա պետք է նրան մեղավոր ճանաչի ոչ թե քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այլ 34-104 հոդվածի 1-ին մասով: Իսկ եթե, այնուամենայնիվ, դատարանն իր պաշտպանյալին մեղավոր կճանաչի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, ապա 10 տարի ազատազրկումն ակնհայտ խիստ պատիժ է նրա համար: Պետք է հաշվի առնել, որ դրական բնութագրվող ամբաստանյալը գործել էր տուժողի հակաիրավական արարքի ազդեցության տակ:
Ճառելու հերթը Արարատ Բաղդասարյանինն էր, բայց նա հայտարարեց, թե մտքերը շարադրելու և պաշտպանի հետ խորհրդակցելու համար իրեն ժամանակ է պետք: «Ես ոչ պրոֆեսոր եմ, ոչ բան, պետք է պաշտպանիս հետ խորհրդակցեմ, որ տեղը տեղին խոսեմ, էնքա՜ն ասելիք կա»:
Դատավորն ակնարկեց, թե ամբաստանյալի խնդրանքի մեջ գործի քննությունն անիմաստ ձգձգելու միտում կարող է լինել, բայցևայնպես ասաց, թե չի ցանկանում սահմանափակել ամբաստանյալի իրավունքը և նրան տրամադրում է ժամանակ ոչ միայն ճառին, այլև վերջին խոսքին պատրաստվելու համար: Ամբաստանյալը համաձայնեց: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին:











































