ՀԱՀ նախագահ Ջեյքոբ Զուման երկուշաբթի Քեյփթաունի խորհրդարանի շենքի մոտ բացել է Նելսոն Մանդելայի կիսանդրին, գրում է ITAR-TASS-ը:
«Այս հուշարձանը հաստատում է, որ մեր խորհրդարանը, որը մի ժամանակ սպիտակ տերության խորհրդանիշ էր համարվում, վերափոխվել է առաջադեմ ինստիտուտի, որը հետևում է միաբանության, հավասարության, ազատության և բոլոր հարավաֆրիկացիների արժանապատվության արժեքներին»,- հայտարարել է նախագահը:
Ապարտեիդի ռեժիմի տապալման 20-ամյակի կապակցությամբ անցկացված միջոցառմանը մասնակցել է նաև ՀԱՀ վերջին սպիտակամորթ նախագահ Ֆրեդերիկ դե Կլերկը, որը Մանդելայի հետ ապահովել էր դեպի ժողովրդավարություն խաղաղ անցումը:
Զուման հարգանքի տուրք է մատուցել Կլերկին՝ հայտարարելով, որ նրա համար հեռանկարայինը երկրի ճակատագիրն էր, և նա Հարավային Աֆրիկայում արհավիրքի կանխման մեջ առանցքային դեր է խաղացել:
Մանդելայի բրոնզե կիսանդրին 2,28 մ բարձրություն ունի: Այն կանգնեցված է խորհրդարան տանող աստիճանների դիմաց:
Մանդելան մահացել է անցած տարվա դեկտեմբեր ամսին 95 տարեկան հասակում:









































