«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, գալիք տարվա հունվարի 1-ից փոխվելու է «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական կառավարման կառուցվածքը` ներքին կարգով տարանջատվելու են ընկերության բջջային և ֆիքսված լարային հեռախոսակապերի հաշվապահությունն ու ֆինանսական կառավարումը: Այսպիսով, «ԱրմենՏելը» կվերադառնա կառավարման այն համակարգին, որը գործել է նախորդ սեփականատիրոջ` հունական «ՕՏԵ»- ի տնօրինման տարիներին: Այս մոդելի շնորհիվ ընկերության սեփականատերերը հնարավորություն կունենան առանձին գնահատել բջջային և ֆիքսված հեռախոսակապի ոլորտներում ընկերության գործունեության արդյունքները: Սպասվող փոփոխությունները պայմանավորված են սեփականատիրոջ` «Վիմպելկոմ» ընկերության հիմնական բաժնետիրոջ փոփոխությամբ: Ներկայումս հիմնական բաժնետերը ոչ թե ռուսական «Ալֆա զրուպ» ընկերությունն է, այլ նորվեգական «Տելենորը»: Այսինքն, «ԱրմենՏելնե արդեն կարող է համարվել եվրոպական ընկերություն: Այս գործընթացն սկսվել է անցած տարվա գարնանից, երբ հայտարարվեց ռուսական «Վիմպելկոմի» և հեռահադորդակցության միջազգային օպերատոր «Wind Telecorr»-ի միավորման մասին: Միաձուլումից հետո «Վիմպելկոմը» դարձավ աշխարհում իր մեծությամբ 6-րդ հեռահաղորդակցության օպերատորը, որի մեջ են մտնում 20-ից ավելի երկրներում գործող բջջային և ֆիքսված կապի օպերատորներ: Միաձուլումից հետո միջազգային շուկայում կայացավ «Վիմպելկոմի» բաժնետոմսերի առքուվաճառքի մի քանի գործարք, որոնց արդյունքում «Տելենորը» դարձավ աշխարհի 6-րդ օպերատորի հիմնական բաժնետերը:
Հոկտեմբերի 8-ի դրությամբ, «Տելենորին» է պատկանում «Վիմպելկոմի» բաժնետոմսերի 42.95 տոկոսը, իսկ ռուսական «Ալֆա գրուպը», որը «Վիմպելկոմի» նախկին կառավարիչն է, մեկ տարի շարունակ լրացուցիչ բաժնետոմսեր ձեռք բերելով հանդերձ, հոկտեմբերին իր բաժնետոմսերի քանակը հասցրել է ընդամենը 41.85 տոկոսի, ինչը բավարար չէ նոր հսկա օպերատորի կառավարումը ետ «նվաճելու» համար: Ուստի, «Վիմպելկոմի» գլխավոր գրասենյակը կշարունակի մնալ Ամստերդամում, որտեղից էլ կկառավարվի:
Իհարկե, «Վիմպելկոմի» շուրջ դեռ շարունակում են կրքեր բորբոքվել: ՌԴ-ում նույնիսկ տեսակետներ են հնչում, ըստ որոնց` ՌԴ իշխանությունները վարչական ռեսուրսներով պետք է օգնեն ռուս գործարարներին, որպեսզի «Վիմպելկոմը» կրկին դառնա ռուսական: Սակայն, ըստ ՌԴ մամուլի վերջին հրապարակումների, արդեն ուշ է: «Վիմպելկոմի» նոր կառավարիչները սկսել են որոշակի փոփոխությունների ենթարկել ընկերության կառուցվածքը և ներդնել կառավարման եվրոպական մոդել` ինքնուրույնություն տալով դուստր ձեռնարկություններին: «Վիմպեխոմի» կառավարման նախկինէ ռուսական մոդելով դուստր ձեռնարկություններն իրենց յուրաքանչյուր քայլը պետք է համաձայնեցնեին Մոսկվայի գլխամասային գրասենյակի հետ:
Ի դեպ, «ԱրմենՏելի» ֆինանսական կառավարման կառուցվածքում սպասվող փոփոխությունների մասին տեղեկություններն են եղել պատճառը, որ օգոստոսին ընկերության աշխատակիցների շրջանում լուր է տարածվել` իբր ընկերության սեփականատեր «Վիմպելկոմը» մտադիր է վաճառել հայկական օպերատորի ֆիքսված լարային կապը:
Ներքին կառուցվածքային փոփոխությունների մասին լուրը հաստատեցին նաև «ԱրմենՏելից»` նշելով, որ դա արվում է բաժանորդների սպասարկման որակը բարձրացնելու համար:









































